Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պարույր Սևակ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը:
Տիգրանաշենը Պարույր Սևակ խոշորացված համայնքի վարչական տարածքում է:
Տիգրանաշենի վարչական ղեկավարը չի ցանկանում անկլավների թեմայով որևէ մեկի հետ բանավիճել: Նրա կարծիքով անկլավների հարցը դեռ որոշված չէ, քննարկման փուլում է, ուստի, ժամանակից շուտ չի ուզում հայտարարություններ անել:
Ասում է բոլորն են լսել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ է խոսել Տիգրանաշենի մասին: Լյուդվիգ Ստեփանյանը միայն թե սրտնեղում է, որ ուր գնում է բոլորն իրեն այդ հարցն են տալիս, որ Տիգրանաշենը հանձնում են: Խոստովանում է ինքը ո՛չ նման բան է հասկացել երկրի ղեկավարի խոսքերից, ո՛չ էլ լսել:
«Ես նման բան չեմ լսել, որ հայ-հայ է Տիգրանաշենը տալիս ենք: Ես լսել եմ, որ հիմա հիմք են վերցրել 1975 թվականների քարտեզն ու դրա շուրջ էլ ընթանում են բանակցությունները: Ես Փաշինյանի բերանից լսել եմ, երբ ադրբեջանցիները մեր տարածքներից հետ կքաշվեն և կվերադարձնեն Արծվաշենն, այո, ինչու չէ, կարող է նաև Տիգրանաշենի մասով նման մոտեցում լինել: Կարող է նաև փոխանակման հարցն էլ լինի»,- նկատեց նա:
Հետաքրքվեցինք, իսկ ի՞նչ կանեն անկլավների հնարավոր հանձնման կամ փոխանակման դեպքում, Լյուդվիգ Ստեփանյանն արձագանեց.
«Ի՞նչ պետք է անենք, հո՞ «սալյուտ» չենք կրակելու: Մեր երկիրն այսօր բարդ իրավիճակում է գտնվում, բազմաթիվ խնդիրներ են մեր երկրի առաջ ծառացած: Թեկուզ ինչ- որ մի պահի մեր ապագա սերունդների համար պետք է ռիսկային լուծումներ գտնենք: Սակայն, ասածս չի նշանակում, որ պետք է տարածքներ հանձնենք: Պետք է հասկանանք ի՞նչն է մերը, ինչն իրենցը: Եթե պատմականորեն նայենք մեր տարածքները պետք է շատ լինեին, բայց պատմության մեջ եղել են ժամանակներ, որ այդ տարածքներում նաև ուրիշ պետության մարդիկ են ապրել և կարծում են, թե իրենցն է, և այդպես 35 տարի է կռվում ենք»:
Պարույր Սևակ խոշորացված համայնքի ղեկավարը հայտարարեց, որ իրենց համար այսօր ամենաառաջնային հարցը ճանապարհներն ու կոմունիկացիաները չեն, սրանք լուծվող հարցեր են, կարևորը տարածքի հարցն է:
«Մեզ այս հարցը հաճախ են տալիս, բայց այսպես դիտորդի կարգավիճակով նման հարցեր տալով ոչինչ չի փոխվելու։ Սաղ իրենց կողքից դիտորդ են կարգել ու հարցնում են տալիս են Տիգրանաշենը: Բայց նշեմ, որ ստեղծված իրավիճակը շատ լուրջ է, բաներ կան, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք չգիտենք, թե ինչ է սպասվելու, անվտանգությունն ինչպես է ապահովվելու, ինչի ենք հասնելու։ Իմ նպատակն այն է, որ բոլորս կենտրոնանանք այս հարցի շուրջ»,-շեշտեց մեր զրուցակիցը: