Հայաստանյան մի շարք դպրոցներում այս տարի առաջին դասարան կգնա 2-3 աշակերտ։ Առաջին տարին չէ, որ դպրոցներում առաջին զանգը հնչում է 1 կամ 2, 3 աշակերտի համար։
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Արևուտ գյուղի հիմնական դպրոցում առաջին զանգն այս տարի կհնչի ընդամենը երկու աշակերտի համար։ Արեւուտի գյուղապետ Էդիկ Օսեյանը «Հրապարակի»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղը 3 առաջին դասարանցիր ունի․ «Թլիկից 1 հոգի է, Կանչում 3 հոգի են, Հակո գյուղում 4 հոգի են, Դդմասարում 3 հոգի են, եթե չեմ սխալվում Արևուտում 2 հոգի են»։
Վարդաբլուրի վարչական ղեկավարը նաեւ ասաց, որ գյուղի միջնակարգ դպրոցում ընդհանուր առմամբ 33 աշակերտ է սովորում, համեմատեց Երևանի դպրոցների մի դասարանի չափով։
Շիրակի մարզի Գետք բնակավայրի դպրոցի երեխաներն ու ծնողները անցած տարի փակել էին միջհամայնքային ճանապարհը։ Նրանք բողոքում են մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները միավորելու նախագծի դեմ։ Գետքի դպրոցը, պետք է միավորվեր Երազգավորսի դպրոցի հետ:
Համայնքի նախկին ղեկավար Աշոտ Շաբոյանն ասաց, որ Գետքի դպրոցը դեռեւս չի միավորվել Երազգավորսի դպրոցին, գյուղի աշակերտները հաճախել են գյուղի դպրոց․ «Գյուղից այս տարի 3 աշակերտ է հաճախել առաջին դասարան, եւս 3 առաջին դասարանցու ծնողներ իրենց երեխաներին ուղարկել են Գյումրի»։
Նշենք, որ այս տարի 2–րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում սովորելու է շուրջ 252.760 աշակերտ։ Հանրակրթական դպրոցներում նախնական տվյալներով սովորելու է 409․996 աշակերտ։
2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային hayt.emis. am համակարգում հայտագրված է եղել 34․780 առաջին դասարանցի։