«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ մենք սին հույսեր ենք փայփայում, թե իշխող քաղաքական ուժը կհասկանա, որ հայ ժողովրդի պոտենցիալը մեծ չէ, իսկ խնդիրները շատ են, եւ կփորձի որքան հնարավոր է արդյունավետ օգտագործել մեր ռեսուրսները՝ հրաժարվելով սեւ-սպիտակ, յուրայիններ-թշնամիներ եզրույթներից, ՔՊ-ն ճիշտ հակառակն է անում՝ պառակտում է հանրությանը, նորից ասպարեզ է բերում նախկիններ-ներկաներ, «նախկինը մեզնից պաշտոն չպետք է ստանա» մոտեցումները: Եվ, որ ամենաանթույլատրելին է, դա անում է կյանքում ոչինչ չհասած մի քանի կին պատգամավորի ձեռքով: Ես, իհարկե, Գրիգոր Մինասյանի պաշտպանը չեմ, եւ ինձ համար բացարձակապես միեւնույն է, թե Նիկոլ Փաշինյանի կաբինետում ով կզբաղեցնի արդարադատության կամ կրթության, առողջապահության կամ էկոնոմիկայի նախարարի պաշտոնները, որովհետեւ նրանց անձից ոչինչ կախված չէ` ամեն ինչ մեկ մարդ է որոշում: Բայց ինչպես կարելի է այսքան վարկաբեկել «իշխանություն» գաղափարը, ինչպես կարելի է հողին հավասարեցնել նախարարի պաշտոնը, ինչպես կարելի է առաջնորդվել գայլերի ոհմակներում տիրող կանոններով, որտեղ ոչ թե մարդու, անհատի որակներն են դեր խաղում, այլ՝ մերոնքական լինել-չլինելը, ինչ-որ մարդկանց խնդրանքները կատարել-չկատարելը:
Վստահ եմ` Մինասյանի դեմ ելած 27 անձից յուրաքանչյուրն ունի շատ կոնկրետ, պուճուր շահ, որով առաջնորդվելով՝ միացել է այդ ստորագրահավաքին: Բայց ինչո՞վ է առաջնորդվում նախարարին նշանակող վարչապետը, որը, փաստորեն, ոչ միայն Ալիևի ու Էրդողանի կամքն է սիրով կատարում, այլեւ արփիների ու լուլուների: Ինչո՞վ է առաջնորդվել ինքը` Մինասյանը, գուցե իրակա՞ն են այն լուրերը, որ քրեական հետապնդումից խուսափելու համար է դիմում գրել: Մի բան է արդար` սեփական ընտանիքն ուրացողը, ճամբարափոխն արժանի է նման վերաբերմունքի»: