3 Հոկտեմբերի, 2024
Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և ընդգծել իր հանձնառությունը` նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացման գործում: Միշել Բարնիեն նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ և պատրաստ է հետագայում ևս նպաստել երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանը: Նա ջերմությամբ է հիշել 1995 թվականին իր մասնակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացումը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Բարնիեին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով ու մաղթել հաջողություններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը երկու ժողովուրդների միջև բարեկամությանը խորին նվիրվածության ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև բացառիկ հարաբերությունների ամրապնդման գործում նրա անձնական նշանակալի ավանդի համար։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը` շեշտելով նաև երկկողմ տնտեսական և մի շարք թիրախային՝ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, քաղաքաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի տնտեսության զարգացումն ու դիվերսիֆիկացիան` հավելելով, որ մեծապես կարևորում է ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում: Վարչապետի խոսքով` հայկական կողմն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների և ներդրողների մասնակցությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, միջուկային և վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության ու ջրային ոլորտներում ծրագրերի իրականացմանը։

Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները մեծապես կարևորել են նաև «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» երկրորդ համաժողովի (Ambitions Arménie-France) անցկացումը, որը բազմաոլորտ համագործակցությունը խթանող յուրօրինակ գործիք կարող է դառնալ:

Զրուցակիցներն ընդգծել են նաև ապակենտրոնացված համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման նպատակով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

 

 

Լրահոս