4 Հոկտեմբերի, 2024

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում իրականացվող աշխատանքներին:

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոյգելդիևը, Ղրղզական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովը, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այլք:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«Կոռուպցիայի դեմ պայքարի համակարգը, ի թիվս այլնի, ընդգրկում է իրավական, ներառյալ՝ քրեաիրավական, կադրային, կազմակերպչական և գաղափարական բնույթի միջոցառումներ:

Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում առաջնային նշանակություն ունեն իրավական, այդ թվում՝ քրեաիրավական միջոցառումները։ Այս համատեքստում Դատախազության խնդիրներն են.

կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը և սոցիալական արդարության վերականգնումը, որը, ի թիվս այլնի, ներառում է անհատին, հասարակությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնումը,

պետական շահերի պաշտպանության նպատակով Դատախազության լիազորությունների շրջանակում հայցերի հարուցումը,

ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը, որն ապահովում է գույքի և ֆինանսական ակտիվների վերադարձը պետությանը կամ համայնքներին,

միջազգային համագործակցություն՝ երկրից դուրս բերված ակտիվների վերադարձի ոլորտում:

Կադրային և կազմակերպչական միջոցառումները ներառում են դատախազների նկատմամբ բարձր բարոյական պահանջներ, ինչպես նաև հաշվետվողականություն իրենց ունեցվածքի համար:

Դատախազի պաշտոնի համար թեկնածուներ ընտրելիս՝ հաշվի է առնվում բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված խորհրդատվական եզրակացությունը: Գործող դատախազները պարտավոր են իրենց նշանակման վեցերորդ տարում բարեվարքության ստուգում անցնել:

Տվյալ պահին այդ ստուգումն արդեն իսկ անցել է 198 դատախազ, ինչը կազմում է Դատախազության համակարգի դատախազների ընդհանուր թվի գրեթե 50 տոկոսը։ Նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի ավարտ բարեվարքության ստուգում պետք է անցնեն բոլոր դատախազները: Ստուգման արդյունքում ստացված բացասական խորհրդատվական եզրակացությունը հիմք է հանդիսանում գլխավոր դատախազի կողմից տվյալ դատախազի նկատմամբ պարտադիր կարգապահական վարույթ հարուցելու համար։

Կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարական ասպեկտը հիմնված է կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության թեզի վրա։

Հարկ է նշել, որ գաղափարական բնույթի միջոցառումները ներառում են նաև տեղեկատվական բնույթի աշխատանք։ Հաճախակի կրկնվող և հասարակական նշանակության կոռուպցիոն երևույթների դեպքում Գլխավոր դատախազությունը հանրությանը պատշաճ կերպով տեղեկացնում է քրեական գործերի ընթացքի և կայացված դատական ​​ակտերի մասին։

Իրավական միջոցառումները ներառում են Դատախազության՝ հայցեր հարուցելու լիազորությունները.

պետական շահերը պաշտպանելու,

ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով:

Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը նախատեսված է Հայաստանի Սահմանադրությամբ, իսկ դրանց կիրառման հիմքերն ու կարգը մանրամասնորեն ամրագրված են «Դատախազության մասին» օրենքում։

2023 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում Դատախազության լիազորությունները պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում ընդլայնվել են: Ներկայումս դրանք ներառում են ոչ միայն պետական, այլ նաև համայնքային շահերի պաշտպանության հայցերի հարուցումը: Դատախազության նշված լիազորություններն ընդգրկում են հասարակական հարաբերությունների լայն շրջանակ, որոնք ներառում են պետական ​​և համայնքային սեփականության պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, այն դպրոցների և նախադպրոցական հաստատությունների շենքերի, պուրակների, հրապարակների և այլ տարածքների օտարման, սեփականաշնորհման գործընթացի ուսումնասիրությունը, որոնք ենթակա չեն օտարման։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում 2020 թվականից մինչ օրս Դատախազությունը նախաձեռնել է 537 ստուգում։ Դատարան ներկայացված երեք գործով արդեն իսկ կայացվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ որոշումներ՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։

Ներկայում դատարանները քննում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 107 հայց, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1 մլրդ 440 մլն դոլարը։ Այս հայցերը առնչվում են ոչ միայն դրամական միջոցներին, այլ նաև անշարժ և այլ տեսակի գույքին, իրավաբանական անձանց բաժնետոմսերի բռնագանձմանը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 2000 օբյեկտներ։

2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի սեպտեմբերը, Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցներն ընդհանուր առմամբ գերազանցում է 30 միլիոն դոլարը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով կնքվել է 8 հաշտության համաձայնություն, ինչի արդյունքում պետությանը վերադարձվել է ավելի քան 5 միլիարդ դրամ, որը համարժեք է ավելի քան 12 միլիոն դոլարի։

Այս թվերը հստակ ցույց են տալիս, որ Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորություններն արդյունավետ մեխանիզմ են կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետության համար բացասական հետևանքները չեզոքացնելու համար։

Կցանկանայի նշել նաև միջազգային-իրավական համագործակցության դերը պետության սահմաններից դուրս բերված ակտիվների վերադարձի ոլորտում։ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված բազմակողմ և երկկողմ համաձայնագրերը Հայաստանի իրավապահ մարմիններին հնարավորություն են ընձեռում իրավական օգնություն հայցելու և տրամադրելու:

Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ Գլխավոր դատախազության սերտ համագործակցության շնորհիվ բացահայտվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված և պետության սահմաններից դուրս հանված գույք։ Քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցության ընթացքում մի շարք երկրներում մեզ հաջողվել է բացահայտել նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվներ, որոնք ներկայումս սառեցված են։

Այս գործընթացն ուղղված է ինչպես հանցագործությունների կանխարգելմանը, այնպես էլ հակաօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասի վերականգնմանը, մասնավորապես՝ Հայաստանից հափշտակված գույքի վերադարձմանը: Այս գործընթացը շարունակական է և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դատախազության առաջնահերթություններից մեկը»։

Լրահոս