5 Հոկտեմբերի, 2024

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ է և շնչում է գիտությամբ։ Գիտության փառատոնն ամփոփեց իր երկրորդ թեմատիկ բաժինը՝ «Մասնագիտական կողմնորոշում. Ապագա գիտնականները», որը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին և 4-ին։ Այս օրերի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան կողմնորոշվելու իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում՝ շփվելով փառատոնի տաղավարներում ներկայացված գիտական ինստիտուտների, համալսարանների և կրթական կազմակերպությունների հետ։

«Գիտուժ» մախաձեռնությունից հայտնում են, որ կենտրոնական տաղավարում այցելուները վայելեցին տարբեր հետաքրքիր ինտերակտիվ դասախոսություններ՝ հագեցած բովանդակությամբ և ներգրավվածությամբ։

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, մեկնարկում է երրորդ և ամենաֆանտաստիկ թեմատիկ բաժինը՝ «Գիտաֆանտաստիկա. երևակայի՜ր» խորագրով։ Հոկտեմբերի 5-ին և 6-ին, ժամը 15:00-21:00-ին Ազատության հրապարակը կլցվի գիտաֆանտաստիկ շունչով՝ ներկայացնելով գիտության, գրականության ու արվեստի փոխհարաբերությունները։

Այս բաժնում նոր մասնակիցներ են լինելու՝ ներառելով գիտաֆանտաստիկ գրքեր և ֆիլմեր ներկայացնող գրախանութներ, արվեստը գիտության հետ կապող խաղեր, ինստալացիաներ և միջոցառումներ, ինչպես նաև կոմիքսների նկարում, աստղադիտում, ռոբոտների հավաքում և այլ հետաքրքիր խաղեր։

Գիտաֆանտաստիկան կարևոր դեր է խաղում գիտության զարգացման գործում, քանի որ այն թույլ է տալիս մարդկանց վեր բարձրանալ ներկայի սահմանափակումներից և երազել ապագայի մասին։ Այս ժանրն անսահման երևակայության միջոցով ոգեշնչում է գիտնականներին և նորարարներին պատկերացնել այնպիսի տեխնոլոգիաներ ու գաղափարներ, որոնք այսօր կարող են թվալ անիրական, բայց վաղը դառնալ կենսական իրականություն։ Գիտաֆանտաստիկայի ազդեցությամբ ծնվում են այնպիսի նորարարություններ, որոնք փոխում են մեր աշխարհը՝ բացելով անսահման հնարավորություններ մարդկության զարգացման և գիտության առաջընթացի համար։

Բացի այդ, այս օրերին ամփոփվելու են բոլոր մրցույթները, որոնք հայտարարել էին Գիտության շաբաթվա շրջանակում։

Լրահոս