26 Հոկտեմբերի, 2024
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մերուժանս կամ, ինչպես իրեն հաճախ ասում էին, Մոժս, շատ աշխույժ էր: Մուրճը՝ ձեռքին, անընդհատ ինչ-որ բան էր վերանորոգում, անընդհատ շարժման մեջ էր»,– «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Մերուժանի մայրիկը:
Նա ծնվել է Գյումրիում, այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը, նրա ապրած շատ կարճ կյանքը: Մայրիկն ասում է՝ դպրոցական տարիներին որդու հետաքրքրությունների շրջանակը մաթեմատիկան ու ֆիզիկան էին: «Գուցե ֆիզիկան ավելի շատ, քան մաթեմատիկան: Անտարբեր չէր անգլերենի նկատմամբ, դա պայմանավորված էր նաև ուսուցչուհու գործոնով, որին շատ էր սիրում»: Դպրոցն ավարտելուց հետո Մերուժանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը: «Մերուժանը շատ ընդունակ էր, բայց ծույլ էր, չէր սովորում: Դասախոսները, որոնց մոտ պարապում էր, ասում էին՝ գիրք չի բացում, բայց մեր պատմածով ամեն ինչ ներկայացնում է: Միշտ նշում էին՝ որ մի քիչ պարապի, ջանք գործադրի, ավելի լավ արդյունքներ կունենա: Ընդունվեց համալսարան, մեկ տարի սովորեց և զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Երբ Մերուժանս բանակում էր, ամուսինս մահացավ: Երբ արդեն զորացրվեց, անցավ հեռակա ուսուցման արդեն Ինֆորմատիկայի բաժին, տեղափոխվեց Գյումրի, որ կարողանա և՛ սովորել, և՛ աշխատել»: Քառօրյա պատերազմի ժամանակ Մերուժանը ժամկետային զինծառայող է եղել, ծառայել է Տավուշի մարզում՝ Բերդում:
«Այդտեղ էլ է անհագիստ եղել այդ օրերին, դիրքեր են բարձրացել. չլինելով Արցախում՝ կարծես զգացել էր պատերազմի շունչը, միշտ ասում էր՝ գիտեմ, թե դա ինչ բան է»: Պատերազմի հենց առաջին օրերից Մերուժանը լծվում է մարտի դաշտում կռվող տղաներին օգնություն հասցնելու գործին: «Պատերազմն սկսվելու օրը մենք հարսանիքի էինք մասնակցում Երևանում: Իր աչքին էլ ոչինչ չէր երևում: Տուն եկանք, ամբողջ գիշեր չքնեց, տաքսու վարորդի հետ պայմանավորվեց, որ առավոտյան հասնի Գյումրի: Տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչ աշխատանք է անում Մերուժանը՝ անվադողեր էր հավաքում, սնունդ, հնարավոր ամեն ինչ: Մարդիկ բերում էին, հավաքում էր ամեն ինչ, և ինքն էլ տեղ էր հասցնում ամենը, հասնում էր տարբեր թեժ կետեր: Գորիսում եկեղեցու քահանան ինձ ասաց՝ այնպիսի տղա ունեք, աննկարագրելի: Օգնությունը Գորիս էին հասցրել, չէին կարողացել որևէ մեկին գտնել, որ դատարկեն ապրանքը: Մոժս ամեն ինչ կազմակերպել էր, բեռնաթափել էին մեքենաները»:
Հասկանալով ու զգալով, թե ինչ է կատարվում Արցախում այդ օրերին, Մերուժանը որոշում է ներգրավվել ռազմական գործողություններին: «Երբ արդեն տեսավ, թե ինչ է կատարվում, որոշեց, որ ինքն էլ պետք է միանա տղաներին: Ասում էր՝ 18 տարեկաններին պետք է օգնենք, նրանց կողքին կանգնենք, շատերը դեռ նոր-նոր են սովորում զենք բռնել: Այնպես էր խոսում, կարծես ինքն էլ այնքան մեծ էր: Հարսանիքից հետո բոլորս վարակվել էինք կորոնավիրուսով, տուն չէր գալիս, որ հանկարծ չվարակվեր: Իրեն ասում էի՝ արի տուն, պաչեմ, հոտդ առնեմ, կարոտել եմ: Ինքն էլ կատակով արձագանքում էր՝ ուզում ես պաչես, որ չգնա՞մ, միևնույնն է, պետք է գնամ: Հոկտեմբերի 17-ն էր, պահարանը բացեց՝ մա՛մ, ի՞նչ հագուստ ունեմ, որ չեմ հագնում: Հենց այդ օրն էլ մեկնեց մարտի դաշտ: Վստահ էր, որ հաղթելու ենք»: Մերուժանն անմահացել է հոկտեմբերի 21ին Հադրութի Սարուշեն գյուղում: «Իր եռանդն ու ակտիվությունը տեսնելով՝ Մերուժանին ջոկատի հրամանատար են նշանակում: Նրան ենթարկվում էին, սիրում ու գնահատում, հիմա այնքան պատմություններ եմ լսում Մերուժանիս մասին: Մերուժանս այդ մի քանի օրվա ընթացքում հասցնում է լինել տարբեր թեժ կետերում:
Վեց տղաներն ընկնում են շրջափակման մեջ: Նահանջի հրամանին չի ենթարկվում. «Պետք է առաջ գնանք»: Այնքան մեծ հույս ուներ, որ հաղթելու ենք: Հիվանդ էի, ջերմությունս չէր իջնում, այդ գիշեր զանգեց, փաստորեն, հենց դեպքի գիշերն էր. «Մա՛մ ջան, ո՞նց ես»: Ձայնային հաղորդագրություն է թողել: Տղաներին ասում է՝ Աստված մեզ հետ է, ա՛պ ջան, լավ պիտի լինի: Սրանք իր վերջին բառերն են: Նաև ասել էր՝ եթե ինձ մի բան լինի, պապայիս մոտ կտանեք, կարծես կանխազգացում էր ունեցել»: Մեկ ամիս ընտանիքը սպասման մեջ է ապրել: «Ամեն տեղ իրեն էինք փնտրում: Եղբայրս ու տագրս գնացին Արցախ, իրենց տեղն ասել էին: Դիերը թուրքերի մոտ էին եղել: Նոյեմբերի 22-ին եղբորս ծննդյան օրն է: Այդ օրը նա զանգեց. «Նե՛լ, գտել եմ Մերուժանին, «նվերս» եղավ: Հարցրեցի՝ ո՞ղջ է: Եղբայրս արձագանքեց՝ ոչ:
Այնքան մեծ հույս ունեի, որ գալու էր, այնքան մեծ հավատ ուներ: Մի կապոց մոմ էր բերել եկեղեցուց՝ մա՛մ, կվառես մոմերը, մինչև գամ: Պատերազմի օրերին ոտքով առավոտյան վաղ Գյումրիից Սուրբ Հովհաննես էր գնում: Ես էլ միշտ ասում էի՝ իր հավատքի շնորհիվ կփրկվի»: Ապրելու ուժի մասին: «Մերուժանն ինքն իրենով կյանք էր, այնքան եռանդ կար իր մեջ: Իրեն այնքան շատ եմ սիրել, կյանքիցս էլ շատ, իրենից հետո ուզում էի կյանքիս վերջ տալ: Բայց աղջիկս ասաց՝ մա՛մ, եթե քո հետ մի բան լինի, ես էլ քո հետևից կգամ: Ու ես սթափվեցի: Աղջիկս ինձ ուժ տվեց, որ կարողանամ ապրել: Իր համար էլ է շատ դժվար, հայրիկից հետո եղբորը կորցրեց: Հիմա աղջիկս ընտանիք է կազմել: Մեկս մյուսիս ուժ ենք տալիս: Գիտեմ, որ Մերուժանս կա, մեզ հետ է, այդ հույսով եմ ապրում, որ ամեն րոպե իմ կողքին է»: Երբ տիկին Նելլիի հետ զրուցում էինք Մերուժանի մասին, մի աղավնի եկավ ու նստեց նրանց պատշգամբում: Մայրիկն ասաց. «Կարծես տղայիս հոգին է, ինձ ասում է՝ միշտ կողքիդ եմ»:
Հ. Գ. – Մերուժան Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գյումրու գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:
 

 

Լրահոս