26 Հոկտեմբերի, 2024

Իսրայելը նախապես տեղեկացրել է Իրանին հարձակման մասին՝ փոխանցելով դա երրորդ երկրի կողմից,  այդ թվում՝ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի միջոցով: Ուղերձը նպատակ ուներ կանխել էսկալացիան և կոչ անել Թեհրանին զսպվածություն ցուցաբերել՝ մատնանշելով, որ ցանկացած պատասխան գործողություն կհանգեցնի Իսրայելի ավելի մեծ հարձակման, հատկապես, եթե վիրավորվեն խաղաղ բնակիչները:

Շաբաթ առավոտյան Իսրայելը ավիահարվածների երեք ալիք է իրականացրել. առաջինն ուղղված է եղել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգին, որին հաջորդել են հրթիռային բազաները, անօդաչու թռչող սարքերի և զենքի արտադրության օբյեկտները: Իրանը հայտարարել է, որ հետ է մղել հարձակումը՝ հավելելով, որ ռազմական օբյեկտներին սահմանափակ վնաս է հասցվել։

Նիդեռլանդների նախարար Վելդկամպը հարվածից ժամեր առաջ գրել է, որ քննարկել է Իրանի հետ տարածաշրջանում լարվածության աճը և կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա սրումը:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակն իր հերթին ասել է, որ նպատակը լարվածությունը նվազեցնելն է:

Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ Իրանը երրորդ երկրի միջոցով նշել է, որ չի պատասխանի Իսրայելի հարվածին։ Այնուամենայնիվ, հարձակման հետևանքով զոհվել է Իրանի բանակի առնվազն երկու զինծառայող, ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի հայտարարության մեջ:

Լրահոս