26 Հոկտեմբերի, 2024

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նախարարի թեկնածու գտնել։ Երեքշաբթի օրը ՔՊ վարչության հերթական նիստում նորից քննարկվել է այդ հարցը, սակայն վարչությունը հերթական անգամ բոլոր թեկնածուներին մերժել է։ Արդարադատության նախարարի 4 թեկնածուները նախ ելույթներով են հանդես եկել։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ինքնաբացարկ են հայտնել, քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, որը եւս ՔՊ կուսակցության անդամ է։ ՔՊ վարչության անդամներից 3 անձ քվեարկել է Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանը ոչ մի քվե չի ստացել։ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ չի քվեարկել, պասիվ կեցվածք է ունեցել, միայն նիստն է վարել, թեկնածուների վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել։

Մենք տեղեկացանք, որ քննարկումը բավականին բուռն է անցել, թեկնածուներին ՔՊ-ականները հարցեր են տվել: Մասնավորապես, օրինակ, Սիրունյանին հարցրել են` արդյոք իր փաստաբանական գործունեությունը չի՞ խանգարի, շահերի բախում չի՞ առաջանա, եթե ինքը նախարար դառնա։ Հարցին հակադարձել է Փաշինյանը`ասելով, որ նախկին նախարար Գրիգոր Մինասյանն էլ փաստաբանական գրասենյակ ուներ` նրան խանգարո՞ւմ էր այդ հանգամանքը։ Ալեն Սիմոնյանը տեղից հավելել է գրասենյակի անունը` «AM»: «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին:

– Ինչպե՞ս անցավ Ձեր հանդիպումը ՔՊ-ականների եւ վարչապետի հետ: Տեղեկացանք, որ Ձեզ հարցրել են` արդյո՞ք որպես փաստաբան կաշկանդված չեք լինի, երբ նախարար նշանակվեք:

– Մի լուրջ դատական վեճ ունեմ այն հիմնարկի հետ, որտեղ այդ հարցը հնչեցնող ակտիվիստն աշխատում է, «բուկվալնո» երկու շաբաթ առաջ մենք ունեցել ենք քննարկում, ուզում են իմ կլիենտից փող գանձել, ասել եմ` կոպեկ չեք ստանալու, ընդ որում՝ այն աստիճան, որ նախարար Պապոյան Գեւորգի հետ քննարկում ենք ունեցել, նա էլ է ասել, որ ամեն բան պետք է օրենքով լինի, նշեց` եթե սխալ ենք, թող դատարանը որոշի այդ հարցը: Հետո մենք գնացինք նախարարություն` կոնկրետ քննարկման, ինձ հարց տվողն է համակարգում այդ բլոկը (Սիրունյանն անուն չնշեց, բայց մենք ճշտեցինք, որ խոսքը Լեւոն Լեւոնյանի մասին է` Հ. Գ.): Այնպես չէ, որ նա ակտիվիստ է, ես էլ պասիվիստ եմ: Ինձ ասում են` եթե նախարար դարձաք, ԴԱՀԿ-ն լինելու է Ձեր ենթակայության տակ, Դուք «վի՞զ եք դնելու», որ պետության օգտին փողերն ավելի շատ գանձվեն: Ասում է` կան գործեր, օրինակ` մեր գործը, որ ասում եք` առը հա, թե պետությունը կստանա փող, ասացի` այո, հենց այդպես էլ կլինի: Նիկոլ Փաշինյանը միջամտեց, ասաց` ի՞նչ իրավունք ունես փաստաբանին իր կլիենտի հետ նույնացնելու:

– Այսինքն` մտավախություն ունեն, որ կարող եք պետբյուջե փող չլցնե՞լ:

– Ընդհանուր՝ նորմալ անցավ: Ոչ մի տպավորություն չունեմ, ոչ էլ ինչ-որ զգացմունք: Ես առաջադրման մասին, անկեղծ, չեմ էլ իմացել, ինձ առաջադրել են, հետո նոր ասել են, անգամ ասացի` ինձ չե՞ք հարցնում: Ասացին` ոչ, մենք ենք ընտրել Ձեզ: Հետո ՔՊ-ից զանգեցին, թե՝ ունե՞ք գալստուկ, ասացի` հա, ասացին` դե կապի, արի հանդիպման: Այդքան բան:

– Ձեր կարծիքով՝ ո՞րն էր պատճառը, որ չընտրեցին Ձեր թեկնածությունը:

– Ընդհանրապես չունեմ ոչ մի տեսակի կարծիք: Չեմ էլ ուզում քննարկել, լավ-վատ՝ մեր կուսակցությունն է:

– Իսկ Փաշինյանն ինչո՞ւ հարցեր չի տվել Ձեզ:

– Կանոնադրությամբ հետաքրքիր մոդել է: Վարչապետն արտահայտում եւ քվեարկում է, երբ բոլոր ձայները հավասար են լինում, դրա համար ո՛չ հարց տվեց, ո՛չ ելույթ ունեցավ, որ հանկարծ չկողմնորոշի: Նիստի ընթացքում ուղղակի ասում էր` ով հարց ունի, թող խոսի, ով հարց չունի` լռի: Եթե մի հարցի շուրջ, ենթադրենք, լինի յոթ-յոթ ձայն, այ, այդ ժամանակ կխոսի, եւ իր ձայնը կլինի որոշիչ: Մնացած դեպքերում չի էլ խառնվում, ես ասում եմ այն, ինչ իմ աչքով տեսել եմ: Թող ուրիշին ընտրեն` ի՞նչ ասեմ, թող ընտրեն` աշխատի: Ես չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, հարցեր էին` հնչեցրին: Ամեն դեպքում, փաստաբանին չի կարելի իր վստահորդի հետ նույնացնել:

– Ո՞վ է վստահորդը, որ այդքան անհանգստացրել է ՔՊ-ականներին:

– Մի մարդ, որն ունի պայմանագիր, բիզնեսմեն է: Էկոնոմիկայի նախարարությունն ասում է` լավ չես կատարել աշխատանքդ, փողը պիտի հետ գանձենք, մենք էլ ասում ենք` չէ: Սա է ողջ թեման: Սովորական պայմանագիր է, եսիմինչ չէ: Ինձ առաջադրել են, նորից կասեմ, առաջադրել է ՔՊ-ն, ոչ թե եկեղեցին, այնպես չէ, որ ես եմ ուզել:

Լրահոս