26 Հոկտեմբերի, 2024

«Հրապարակ» թերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի գիտությամբ եւ ԱԺ ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի ունեցած չարաբաստիկ լսումներն այնպիսի խմորումներ են հասունացրել «Քաղպայմանագիր» խմբակցության ներսում, որ եթե իրավիճակը չվերահսկվի, ապա մոտ ապագայում, ինչպես ասում են՝ «սալյուտը ներսից է լինելու»։

Լսումներից հետո ներթիմային խմբավորումները թշնամացել են միմյանց հետ, բաժանվել բանակների եւ այնպիսի ատելությամբ են լցված իրար նկատմամբ, որ անգամ իրենց երբեմնի ատելի Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունը քննարկելու հարցով ստորագրահավաքը չեն կարողանում գլուխ բերել, այն, ինչ արեցին արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեպքում։ Լսումներից 10 օր է անցել, բայց Արգիշտի Քյարամյանի դրսեւորած անհարգալից պահվածքը համապատասխան հետեւանքների չի հանգեցրել, Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի պատրաստվում իր «լյուբիմչիկներից» մեկին ինքնակամ «ժերտվա տալ», իսկ ՔՊ-ում ներքին խմորումները թույլ չեն տալիս միասնական դիրքորոշում հայտնել, թեկուզ ներքին կարգով միասնական դիմում հղել վարչապետին՝ Քյարամյանին կարգի հրավիրելու համար։ Մի մասը պատճառաբանում է՝ իբր եթե Հովիկ Աղազարյանի որդու պատմությունը ջրի երես դուրս չգար, իրենք անպայման կպահանջեին պատասխանատվության ենթարկել Քյարամյանին: Իսկ հիմա արդեն «սիրուն չի», մարդկանց մոտ տպավորություն կարող է ստեղծվել, թե նեղ անձնական շահ են իրենք հետապնդում` կուսակցի որդու համար են Քյարամյանին թիրախավորում: Հիշենք, որ Քյարամյան-Աղազարյան բախման ընթացքում պարզ դարձավ, որ պատգամավորի որդին ավտոներկրող է, փորձում է օգտվել օրենքով սահմանված ԱԱՀ-ի վերադարձի իրավունքից, սակայն տասնյակ ներկրողների պես ոչ միայն չի ստացել, այլեւ հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում` քրեական վարույթ են հարուցել։

Իսկ խմբակցության մյուս մասն էլ հրաժարվում է միանալ Քյարամյանի հրաժարականն առաջ բրթողներին, պատասխանատվության կանչել խորհրդարանի՝ որպես ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորած պաշտոնյային, քանի որ լսումների օրը կոշտ բախում է եղել ՔՊ ներքին չաթերում, մեղադրանքներ են ուղղել լսումները կազմակերպած Անդրանիկ Քոչարյանին, թե ինչու է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին նստեցրել ԱԺ նախագահությունում` նա էլ պետք է մյուս ուժային կառույցների ղեկավարների հետ նստեր ներքեւում՝ բոլորի հետ հավասար։ ՔՊ մեր աղբյուրների պատմելով՝ այս թեւը հրահանգավորվել է անմիջականորեն ԱԺ նախագահից, որն այդ օրը Ժնեւում էր գտնվում, բայց հեռահար կառավարել է պրոցեսը: Ալեն Սիմոնյանի եւ իրավապահների` Արգիշտի Քյարամյանի, Աննա Վարդապետյանի միջով սեւ կատու է անցել Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումից հետո։ Չնայած բոլորին պարզ է, որ այդ կալանքի «դաբրոն» ստացվել էր անձամբ Փաշինյանից, բայց բոլորին ձեռնտու է մեղքը «սլաքավարների» վրա դնելը:

Լսումները սկսվելուն պես Սիմոնյանի թիմակից կանայք խմբակցության չաթում գրոհ են սկսել եւ անասելի վրդովմունք հայտնել այդ «խայտառակության»՝ տիկին դատախազի՝ նախագահությունում հայտնվելու փաստի առումով, քննադատել ու խարազանել են Անդրանիկ Քոչարյանին, թե այսպես եք անում, որ հասարակությունը չի հավատում, որ Հայաստանում արդարադատություն կա։ Ոմանք լսումներին իրենց չմասնակցելը պատճառաբանել են այդ փաստով։ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել է, որ լսումներն արարողակարգային միջոցառում չեն, եւ կազմակերպիչն ազատ է իր նախընտրություններում: Անգամ չաթում գրել են․ կուզեր՝ դատախազի փոխարեն սեփական կնոջը կնստեցներ իր կողքին, իսկ այս դեպքում դատախազը նախագահություն է բարձրացել նախ այն պատճառով, որ եղել է հիմնական զեկուցողներից մեկը, երկրորդը՝ ուժայիններից միակ կինը, վերջապես, կառուցակարգերով` դատախազությունը հսկողություն է իրականացնում բոլոր ուժայինների նկատմամբ: Սակայն հակառակը պնդողները մնացել են նույն կարծիքին՝ եթե անգամ արարողակարգ չկա, պետք չէր դատախազին առանձնացնել, ավելի ճիշտ՝ մոտեցնել իշխանությանը՝ տպավորություն ստեղծելով, որ մեր քիփն է, ոնց ուզենք՝ քրեական գործերն այնպես կհանգուցալուծի։
ՔՊ-ականների լեզվակռիվն այնքան է թեժացել, որ, մեր տեղեկություններով, Ալեն Սիմոնյանն անձամբ է Ժնեւից զանգահարել Անդրանիկ Քոչարյանին ու խոսել նրա հետ այս թեմայով։ Բայց հարցը դրանով չի փակվել` թեման նոր շունչ է ստացել Քյարամյան-Աղազարյան բախումից հետո, Ալեն Սիմոնյանը հանդիմանել է, թե «սիմպատիաներով» լսումներ կազմակերպելուց զատ, պետք է կարողանալ կառավարել դահլիճը: Օրերս լրագրողների հետ ճեպազրույցում էլ նա հայտարարեց, որ եթե ինքն այստեղ լիներ, նման միջադեպ տեղի չէր ունենա։

Առհասարակ, ՔՊ-ն վերջին շրջանում, մեր աղբյուրի պատմելով, հրաբուխ է հիշեցնում, որտեղ մի փոքր տեկտոնական շարժից պայթյուն է որոտում՝ ի հեճուկս պաշտոնական հավաստիացումների, թե թիմում թեւեր ու ճյուղեր չկան: Իրականում` ընտրություններից առաջ յուրաքանչյուր խմբավորում փորձում է իր կշիռը ցուցադրել, իրար վրա «բոչկաներ են գլորում», ինֆորմացիոն արտահոսքեր կազմակերպում, սաբոտաժներ անում եւ այլն՝ քաջ գիտակցելով, որ հաջորդ «սռոկում» ձեւավորվող իշխանությունում տեղ են գտնելու միայն «ուժեղները»։

Լրահոս