«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո Երեւան վերադառնալուն պես Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության որոշ անդամներ ուրբաթ երեկոյան շտապել են խորհրդարան՝ «գլխապտույտ» հաջողությունների մասին տպավորություններով կիսվելու թիմի հետ։ ՔՊ-ական պատգամավորներից ոմանք մեզ հետ մասնավոր զրույցում այդպես էին բնորոշում Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի պահվածքը։ «Այնքան խանդավառված էին, այնքան տպավորված, կարելի է կարծել, որ սաղ հարցերը տեղն էին գցել, մեր կորուստները` հետ բերել»,- զարմացած պատմեց մեր աղբյուրը՝ շարունակելով, որ Ալիեւն անգամ թղթի վրա խոստացածն է դրժում, ուր մնաց թե բանավոր պայմանավորվածությունները հարգի, եթե անգամ այդպիսիք եղել են, եւ դա մեր օգտին է։
Նիկոլ Փաշինյանը ոգեւորված ներկայացրել է, որ վերջապես հաջողվել է անցնել «տետ ա տետ» ֆորմատին, չնայած որ թե՛ ռուսական կողմը, թե՛ Արեւմուտքն ամեն ինչ անում էին, որ միջնորդություն ստանձնեին։ Մինչդեռ երկկողմ ֆորմատը, ըստ Փաշինյանի, այլեւս հնարավորություն չի տա որեւէ երրորդ կողմի` իր շահերից ելնելով, տորպեդահարել բանակցությունները։ Կարելի է կարծել, որ տետ ա տետ հանդիպումների ժամանակ ինքը կարողանում է որեւէ բան անցկացնել եւ Հայաստանի շահերն առաջ տանել:
Փաշինյանն ասել է, որ Ալիեւի հետ մի շարք հարցերի շուրջ կարեւոր քննարկումներ է ունեցել, անդրադարձել են կոմունիկացիաների ապաշրջափակմանը, իսկ ավելի կոնկրետ՝ բեռնափոխադրումների վերականգնմանը, ինչն ամենից շատ է ոգեւորել թե՛ Փաշինյանին, թե՛ Արարատ Միրզոյանին, եւ նրանք ՔՊ-ականներին վստահեցրել են՝ եթե դա տեղի ունենա, Հայաստանը մոտ ապագայում կծաղկի տնտեսապես, ու մարդիկ գոհ ու երջանիկ կլինեն։ Ասել են, թե նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սկսեն գործարկել բեռնափոխադրումները՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծով։ Ու թեեւ պարզ է, որ այդ ուղին բացառապես թուրք-ադրբեջանական շահերից է բխում, բայց վարչապետ-ԱԳ նախարար զույգն այդ փաստից էյֆորիկ տրամադրության մեջ է եղել:
Փաշինյանն ասել է, որ Ալիեւի հետ 1.5 ժամանոց բանակցությունների ընթացքում քննարկել են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը: Նա չի թաքցրել, որ այս հարցում առաջընթաց չկա, Ալիեւը պնդում է՝ կստորագրենք, երբ բոլոր չհամաձայնեցված դրույթները համաձայնեցվեն, ընդ որում, ըստ մեր աղբյուրի, ՔՊ-ում խոսակցություններ կան, որ չհամաձայնեցված դրույթներից մեկը վերաբերում է Հայաստանի ապառազմականացման պահանջին, այսինքն` բանակի ոչնչացմանը։ Փաշինյանը չի թաքցրել, որ իր համար ակնհայտ է, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագիրը դժվար թե ստորագրվի։
Բաքվում նոյեմբերի կեսերին սպասվող COP-29 միջոցառմանը ՀՀ պաշտոնյաների մասնակցությանն էլ է անդրադարձ եղել: Արտգործնախարարի եւ Փաշինյանի պատմելով` իրենք Ալիեւին ասել են, որ պետք է Ադրբեջանից քայլ արվի՝ գերիների հանձնման կամ խաղաղության պայմանագիրը չհամաձայնեցված կետերով ստորագրելու տեսքով, որ ՀՀ պաշտոնյաները համաձայնեն ընդունել Բաքու մեկնելու հրավերը: Սակայն պայմանագրի մասով Ալիեւն անդրդվելի է մնացել, իսկ գերիների հետ կապված պատասխանել է, որ կմտածի։ Ի դեպ, խոսքը գնացել է միայն 20 թվի պատերազմից հետո գերեվարված հայաստանցի զինվորների մասին:
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ինչպես Փաշինյանն է նշել, կայացել է գագաթնաժողովի դահլիճի կողքի սենյակում։