«Հրապարակ» թերթը գրում է.
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ, Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեով, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ին հատկացվել է 3 միլիոն 5 հարյուր 30 հազար դրամ՝ Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում «Քաղաքացու բյուջե»-ի մշակման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «Քաղաքացու բյուջե»-ն, որին ի պատասխան՝ մեզ փոխանցեցին․ «Դա իրենից ենթադրում է բյուջեի համառոտ, ոչ մասնագիտացված լեզվով նկարագիր, որով քաղաքացիները կարող են պատկերացում կազմել տարեկան ծրագրերի, իրականացված աշխատանքների մասին, դա հրապարակվելու է, որ մարդիկ կարողանան ծանոթանալ»։ «Քաղաքացու բյուջե»-ն գործելու է հենց քաղաքապետարանի հարթակի վրա, իսկ թե ինչու է այդ գործը դրսից որեւէ ՀԿ-ի պատվիրակվել եւ ոչ քաղաքապետարանի համապատասխան որեւէ վարչության, մեր այս հարցը մնաց անպատասխան։
Ըստ էության, սա հերթական դատարկ հատկացումն է եւ քաղաքային բյուջեն մսխելու եւս մի որոշում՝ «Քաղաքացու բյուջե» անվան տակ։