1 Նոյեմբերի, 2024
Հոկտեմբերի 31-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած հուշակոթողը, որի պատվանդանին հայերեն ու ֆրանսերեն լեզուներով արձանագրվել է, որ այն ձոնված է Հայաստանի ու Ֆրանսիայի բարեկամությանը։ Արվեստի բոլոր ստեղծագործությունները նվիրվել են Ժնևի ՄԱԿ գրասենյակին՝ մնայուն ցուցադրության համար։ Ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։
Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբեր-Լուկ Դեվինան, Ֆրանսիայի Մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան և արվեստագետ Ժան Պողոսյանը։
Բանախոսները, շնորհավորելով այս նշանակալի իրադարձության կապակցությամբ, ընդգծում էին, որ ՄԱԿ-ի շենքում նման սենյակի անվանակոչումը Հայաստանի ինքնիշխանության կարևոր խորհրդանիշ է։ Անդրադարձներ կատարվեցին Հայաստանի պատմությանը, անկախությանը, հայ-ֆրանսիական դարավոր կապերին ու ընդլայնվող համագործակցությանը։
Ելույթներից հետո տեղի ունեցավ Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված ընդունելություն։
Միջոցառմանը ներկա էին Ժնևում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, դիվանագետներ, շվեյցարահայ համայնքի անդամներ, հասարակական գործիչներ, մշակույթի և գիտության ոլորտի ներկայացուցիչներ:

Լրահոս