4 Նոյեմբերի, 2024
Վերջին տարիներին ՀՀ–ում շինարարության ոլորտում գրանցված աճը, որը հիմնականում պայմանավորված է տնտեսվարողներին ԱԱՀ–ի վերադարձով, համահունչ չէ այդ ոլորտում առաջացող հարկերին։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ դժգոհեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա հիշեցրեց, որ ԱԱՀ վճարելու պարտականությունն առաջանում է այն դեպքում, երբ բնակարաններն արդեն իսկ գրանցվում են կադաստրում։
Բադասյանը տեղեկացրեց, որ 2022–23 թթ. շինարարության ոլորտում անվանական աճը կազմել է համապատասխանաբար 27.7 տոկոս և 13.2 տոկոս, բայց վճարման ենթակա ԱԱՀ–ն բացասական դինամիկա ունի։
«Օրինակ` միայն 2023 թվականին հարկ վճարողներին վերադարձրել ենք 63 մլրդ դրամի ԱԱՀ։ Կարելի է ասել, որ ֆինանսավորել ենք այս ոլորտում տեղի ունեցող աճը։ Այսինքն` հարկ վճարողն այդ գումարը ներդրել է տնտեսության մեջ, նպաստել է տնտեսական աճին, ստեղծել է աշխատատեղեր, ի վերջո, բնակարանային ֆոնդն է թարմացվել ու թարմացվում»,– նշեց Բադասյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով` կադաստրի տվյալների հիման վրա 142 մլրդ դրամի ԱԱՀ կրեդիտ կա, այսինքն` 2025–26 թթ., երբ նոր կառույցների բնակարանները կգրանցվեն կադաստրում, այդքան գումար կհավաքագրեն։

Լրահոս