4 Նոյեմբերի, 2024

Հայաստանում ստեղծվել, կամ ձևավորվել է մի «նարատիվ», որ, ովքեր խոսում են կանոնակարգի եւ սահմանազատման գործընթացում խնդիրների մասին, կասկածի տակ դնում այդ գործընթացում հնարավոր հավասարակշռվածությունը՝ դեմ են սահմանազատմանն ու սահմանագծմանը, դեմ են այդպիսի սահման ունենալուն: Գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանն ու հավելել․

«Սա, իհարկե, միանգամայն կեղծ նարատիվ է, որի ձևավորումը  բացարձակապես մանիպուլյատիվ է:

Մանիպուլյացիայի մոտիվները, թե ներքին են, թե արտաքին: Այսինքն, ներսում, իհարկե, մոտիվը քաղաքական մեծամասնությանն է, իսկ արտաքին մոտիվը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շուտափույթ, ամեն գնով «խաղաղության պայմանագրի» ստորագրման և «թեման փակելուն» հասնելն է, որը պայմանավորված է Միջին միջանցքի ձևավորման նկատառումներով, Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հանդեպ ռազմավարական գերակայության հասնելու նկատառումով:

Այդ համատեքստում էլ շրջանառության մեջ է դրվում մյուս նարատիվը, որ Ռուսաստանին պետք չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն:

Հարգելիներս, օրինակ, իսկ Ֆրանսիային դա պե՞տք է: Եվ որքանո՞վ է պետք, ու ի՞նչ պայմաններով:

Եթե ձեր դիտարկման ելակետը միայն հրապարակային հայտարարություններն են, ապա նույն Ռուսաստանը, և բոլորը՝ հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության նպատակի և դրան օժանդակելու մասին:

Խաղաղությունը պետք է բոլորին՝ եթե այդ խաղաղությունը նրանց պատկերացրած դասավորությամբ և հարաբերակցությամբ է, և խաղաղությանը դեմ են բոլորը՝ եթե այդ խաղաղությունը դեմ է իրենց պատկերացրածին, իրենց ռազմավարական հետաքրքրությանն ու շահերին:

Այդպիսով, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կառուցվելու է այն կանոններով, որոնք ռեգիոնում ամրացնելու են Թուրքիայի և Ադրբեջանի դիրքն ու դերը, ապա այդ խաղաղությունը ոչ միայն պետք չէ դիցուք նաև Ֆրանսիային, այլ այդ խաղաղությունը Ֆրանսիայի համար նույնիսկ ռազմավարական վտանգ է:

Ահա թե ինչու, Ադրբեջանն օրինակ Ֆրանսիային մեղադրում է խաղաղությանը վնասելու, խաղաղությանը խանգարելու համար, իսկ որևէ այլ արևմտյան երկրի, կամ Եվրամիությանը, անգամ Կանադային՝ ոչ: Ինչու՞:

Միայն քաղաքականապես անհամարժեքության դեպքում է հնարավոր դրա պատճառ համարել այն, որ Ֆրանսիան Հայաստանին զենք է տալիս՝ դրա համար է Ադրբեջանը մեղադրում:

Հայաստանը շատ ավելի գնում է Հնդկաստանից, բայց ինչու՞ Բաքուն նույն հռետորաբանությունը չի բանեցնում նաև Հնդկաստանի հանդեպ: Որովհետև Հնդկաստանը հայ-ադրբեջանական խաղաղության հարցում չունի այն սկզբունքային մոտիվները, որոնք ունի Ֆրանսիան: Այո, Հնդկաստանը եւս ուզում է դերակատար լինել Կովկասում, բայց Կովկասը Հնդկաստանի ռազմավարական անվտանգության տեսանկյունից չունի էական նշանակություն: Հնդկաստանի համար Կովկասը կամ լրացուցիչ հնարավորություն է, կամ՝ ոչ, իսկ Ֆրանսիայի համար Կովկասը հնարավորություն չլինելու պարագայում դառնում է ռաազմավարական ճնշում:

Ցավոք սրտի, Հայաստանում խաղաղության ու պատերազմի, խաղաղության պայմանագրի հարցերը գտնվում են պարզունակ, ֆուտբոլային թիմ երկրպագելուն բնորոշ ընկալումների մակարդակի, ու ցավոք սրտի հենց այդ մակարդակով էլ ձեւավորվում են նարատիվներ, որոց ստիպում են մտածել ու դատել հանրությանը:

Այն պարագայում, երբ բարդ, հատվող աշխարհաքաղաքական, ռազմավարական շերտերի հանգույց-ռեգիոնում գտնվող հանրությունից կենսունակ լինելու համար պահանջվում է ոչ թե պարզունակ, այլ հենց բարդ մտածողության համակարգ: Այլապես իրականությունից կտրվածությունն է դառնալու անխուսափելի:

Այս հարցի մասին կանդրադառնամ այլ գրառումով, թե ինչպես են մեզ զրկում կենսունակության այդ կարևոր  բաղադրիչից»,- գրել է վերլուծաբանը:

Լրահոս