7 Նոյեմբերի, 2024

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը երեկոյան ժամը 7-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը տնից դուրս գալու, որեւէ զվարճանքի վայր, խանութ եւ այլ տեղ գնալու իրավունք չունի։ Սա, դատարանի որոշմամբ՝ ՀՀ պրոբացիայի ծառայության սահմանած վարչական հսկողությունն է։ Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է իբր Արցախից բերված մեքենաներն օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ, ինչի համար նա 20 օրով կալանավորվեց։ Այնուհետեւ կալանք խափանման միջոցը փոխվեց 2 ամսով տնային կալանքի, բայց Վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած դատական ակտը եւ, մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը, ազատել Դավիթ Սարգսյանին։ Սակայն Քննչական կոմիտեն Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը հուլիսի 19-ին դատարանը բավարարել էր։ Սարգսյանի փաստաբանները բազմաթիվ միջնորդություններ, վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ վարչական այս հսկողությունը վերացնելու համար, սակայն՝ ապարդյուն։ Այս քրեական գործի աբսուրդն այն է, որ կառավարությունը նախորդ ամիս որոշում կայացրեց՝ արցախցիներին իրենց հետ բերած մեքենաները սեփականաշնորհելու հնարավորություն տալու մասին` ճիշտ այն նույն ընթացակարգով, որով իրականացրել էր Դավիթ Սարգսյանը։

Կառավարության որոշման համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են արտոնյալ ընթացակարգով գրանցել այն տրանսպորտային միջոցները, որոնք մասնավոր սեփականություն չեն հանդիսանում, սակայն իրավաչափորեն իրենց տիրապետման տակ են գտնվում կամ օգտագործվում են իրենց կողմից։ Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի օգտագործողներ, դեռեւս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ: ՆԳՆ-ն հայտնել էր, որ այդ հնարավորությունը տրվելու է մինչեւ 2017թ. արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներին:

Սեփականատիրոջից չեն պահանջելու տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ եւ այլ փաստաթղթեր, իսկ սեփականության իրավունքի գրանցումը կատարվելու է նշված տրանսպորտային միջոցների տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող այլ փաստաթղթի հիման վրա։ Ավտոմեքենան գրանցելուց հետո սեփականատերերին կազատեն փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։ Սա որոշումից հատված է:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի փաստաբան Ռոման Երիցյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Սարգսյանն իրականացրել է սեփականաշնորհման գործընթաց` հենց այս կարգով։ «Կառավարությունը հասկացել է, որ այլընտրանք չկա, էդպես էլ պիտի արվի, ասում են` դե, եթե կառավարությունն այսպիսի որոշում է կայացրել, քրեական գործերն էլ կարճենք։ Իրականում, մեղադրանքը չեն կարողանում հիմնավորել»,- նշեց նա։ Փաստացի, Դավիթ Սարգսյանն ապօրինի կալանավորվել է, այժմ էլ շարունակում է գտնվել սահմանափակումների մեջ՝ մի մեղադրանքով, որը կառավարությունը ճանաչել է օրինաչափ։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում 

 

Լրահոս