Հիմնական զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ասաց, որ այս նախագծով կառավարության կարևոր քաղաքական խոստումներից մեկն է կատարվում՝ Հանրային խորհրդի կազմում ձևավորվելու է փաստահավաք գործունեություն իրակաացվող հանձնաժողով։
«Այս հանձնաժողովի հիմնական գործունեությունն ուղղված է լինելու Հայաստանում վերջին 30 տարիներին որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների բացահայտման ուղղությամբ փաստահավաք գործունեություն իրականացնելուն և դրանց վերաբերյալ փաստահավաք զեկույց կազմելուն»,- ասաց Դադունցը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս նախագիծը որևէ առնչություն չունի Սահմանադրության հետ, այն դուրս է սահմանադրության կարգավորումներից։
«Մասնավորապես, այն լիազորությունները, որոնք վերապահվում են հանրային խորհրդին ոչ միայն Սահմանադրության տեսակետից խնդրահարույց են, քանի որ անգամ նման լիազորություններ չունի այն մարմինը, որը ստեղծում է Հանրային խորհուրդը, նաև Հանրային խորհրդի կարգավիճակից բխող լիազորությանը չի համապատասխանում։
Հարային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է և վերջ։ Սա Սահմանադրական պահանջ է։
Այս նախագծի նպատակն ընտրություններին ընդառաջ հերթական շուոներ կազմակերպելու միջոց է դիտվելու, որևէ առնչություն չունի իրավունքի գերակայության սկզբունքի հետ։ Ինչպես առաջին ընթերցման ժամանակ ենք ասել, մեր խմբակցությունը կոշտ դեմ է այս հակասահմանադրական օրենքին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։