4 Դեկտեմբերի, 2024

Դատական երկու ատյանները հօգուտ Ծարավ Աղբյուր փողոցի 55/8 և 55/11 բազմաբնակարան շենքերի բնակիչների վճիռներ են կայացրել։ Դրանցով ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի որդին` Սմբատ Մահտեսյանը զրկվել է մի տարածքից, որը մտադիր էր ծառայեցնել «Երևան Սիթի» սուպերմարկետի առաքումները կազմակերպելու նպատակով։ Այս մասին գրում է «Հետքը»։

Հիշեցնենք՝ Սմբատ Մահտեսյանը Ծարավ Աղբյուր 53/9 հասցեում հասարակական նշանակություն շինություն էր կառուցել։ Դրա առաջին հարկում ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի»-ի սուպերմարկետն է գործում, որի առաքումը կազմակերպելու համար կառուցապատողը փորձում էր բնակիչների բաժնային սեփականություն համարվող տարածքը ծառայեցնել։ Բնակիչները դրան դեմ էին։ Մահտեսյանը դատական կարգով փորձ է արել հասնել իր նպատակին:

Ուղիղ 3 տարի առաջ Սմբատ Մահտեսյան դիմել էր դատարան, պահանջել էր հարկադիր սերվիտուտ սահմանել այդ տարածքի նկատմամբ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր բազմաբնակարան շենքի սեփականատերերի սեփականության իրավունքը պաշտպանելու մասին վճիռ։ Մասնավորապես, Դատարանը մերժել էր բնակիչների դեմ ներկայացված սերվիտուտ սահմանելու վերաբերյալ Սմբատ Մահտեսյանի պահանջը, և միաժամանակ բավարարել էր բնակիչների կողմից ներկայացված սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու հակընդդեմ հայցը։

Դատարանն արգելել էր Սմբատ Մահտեսյանին և «Սիթի» ՍՊԸ-ին օգտագործել Ծարավ Աղբյուրի փող. 55/8 հասցեի հողամասը, ինչպես նաև պարտավորեցրել էր վերականգնել մինչև խախտումը եղած դրությունը` նշված հողամասից հանել տեղադրված սալիկները, վերադարձնել հողամասերի սահմանին տեղադրված քարերը և մասամբ հատուցել բազմաբնակարան շենքի սեփականատերերի կրած դատական ծախսերը (300 000 դրամ փաստաբանական ծախսեր և 20 000 դրամ հակընդդեմ հայցադիմումի համար նախապես պետական տուրքի գումար)։

Մահտեսյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատական ակտը Քաղաքացիական վերաքննիչ դատարան, որը մասնակի բավարարվել էր և գործն ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության:

Նոյեմբերի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, վերստին քննելով գործը, կայացրել է բնակիչների սեփականության իրավունքը պաշտպանելու վճիռ, այն է՝ մերժել է հարկադիր սերվիտուտ տրամադրելու պահանջը։

 

Լրահոս