Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, իր հիմնական խոսույթն այն մասին էր, որ եկել է արմատախիլ անելու կոռուպցիան, սպանելու «պոզով-պոչով այդ վախենալու մոնստրին, կենդանուն», ի՞նչ արեց ժամանակի ընթացքում՝ ընկերացավ «պոզով-պոչով այդ կենդանու» հետ, բարեկամացավ։ Այս մասին Աժ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ որևէ իրական պայքար չկա։
Նա փաստեր ներկայացրեց, որ այս իշխանությունը «ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ»։
Ըստ Գրիգորյանի՝ իշխանության ներկայացուցիչներից Գարիկ Սարգսյանի քեռին միլիոնների հասնող տենդեռ է շահել, Դիլիջանի համայնքապետը սեփական եղբորը շուկայականից զգալի էժան ու հրատապ կերպով տարածք է տվել, իսկ կոռուպցիայի հանձնաժողովն ասել է՝ 300 000 տուգանք վճարի, և դրանով հարցը փակել են։ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հայրը ձեռք է բերել 40 հա հող ինտենսիվ այգի կառուցելու համար, 1,5 մլրդ դրամի վարկ են տրամադրել։ «Դրանից հետո կառավարությունը 102,5 մլն դրամի գումար է տալիս, այդ վարկի տոկոսները սուբսիդավորելու համար, այսինքն՝ անտոկոս վարկ է ձևակերպել»,-ասաց նա։
Պատգամավորի խոսքով, նման անտոկոս 1 մլն դոլարի վարկ էլ Վահե Հովհաննիսյանն է ստացել․ «Ուզում եմ հասկանալ՝ տենց քանի՞ բախտավոր եք, հաջողակ, որ կարող եք անտոկոս վարկ ստանալ»։
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հաջողությունը բացվել է 2018թ.-ից հետո, տասնյակ անգամ մեծ եկամուտներ է ստացել։
«Անիֆ» հիմնադրամը 10 մլրդ դոլար մսխել է, ու ասում են՝ «դե չկա, ոչինչ չկա»։