21 Հունվարի, 2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Այսօր բռնապետական Բաքվում շարունակվում է հայ գերիների, Արցախի Հանրապետության օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը։ Շինծու մի գործընթաց, որի հիմնական նպատակն է հռչակել Հայաստանը, հայ ժողովրդին որպես ագրեսոր և օկուպանտ, հիմքեր ստեղծել Հայաստանի դեմ նոր սադրանքների, նոր պատժամիջոցներ կիրառելու, նոր զիջումներ կորզելու համար։ Իսկ ովքե՞ր են դատավորները. ավտորիտար ու կոռումպացված, հազիվ դար ապրած մի պետություն, որը ջարդարարի ու ցեղասպանի վարքագիծ ունի»,- ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց՝ Սումգայիթում ու Բաքվում ջարդեր, Արցախում ցեղասպանություն իրականացրած, ռազմական հանցագործ և օկուպանտ ռեժիմն այսօր դատում է Արցախի ղեկավարներին, պաշտպանության բանակի հրամանատարներին, ինքնապաշտպանական պայքարի մասնակիցներին։

«Իր հազարամյա օրրանում հայկական պետականություն ունեցած, ինքնությունը պահած և նոր պետություն կերտելու կամք դրսևորող Արցախն իր ինքնորոշման իրավունքը իրացրել է միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի սկզբունքներով։ Ադրբեջանը դատում է մարդկանց, ովքեր այդ ճանապարհի և մեր հավաքական հաղթանակի կերտողներն են և շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմատենչ հայտարարություններն ու օկուպացված պահել ինքնիշխան տարածքներ, և օգտվելով Հայաստանի իշխանությունների կամազուրկ վարքից, կեղծելով պատմությունը՝ ամեն օր նոր, ավելի ամոթալի վտանգավոր զիջումներ է կորզում»,- ասաց նա:

Ըստ Օհանյանի՝ քաղաքական միջազգային ձևաչափերում Հայաստանը լուռ է, պատրաստակամ է կոնֆլիկտի հանգուցալուծման միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

«Պաշտոնական Հայաստանի կողմից չօգտագործվեցին այդ հարթակներն, անգամ հայ ռազմագերիների և Արցախի ղեկավարության հարցը հետապնդելու ուղղությամբ։ Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել։ Ես չէի կարող չանդրադառնալ այս շինծու դատավարությանը, որ վարում են իմ ընկերների, մարտական փառահեղ ուղի անցած հրամանատարների, Արցախի ղեկավարների նկատմամբ։ Մեր զորակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին, այն գիտակից հանրությանը, որ պարզ հասկանում է, որ այսօր Բաքվի բանտում, ըստ էության, դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատ, անկախ ապրելու իրավունքը և ձգտումը»,- եզրափակեց նա:

 

 

Լրահոս