Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երանոս բնակավայրի անտառամերձ հատվածում հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել Ծովասար գյուղի բնակիչներ 17, 21 և 22 տարեկան երեք երիտասարդի։
21-ամյա վարորդը հայտնել է, որ «Տելեգրամ» հավելվածով թմրանյութ է գնել, որն ընկերների հետ վերցրել է նշված վայրից, սակայն ճանապարհին նկատելով ոստիկաններին՝ նետել է։ Երիտասարդը թմրանյութը նետած տեղում գտել և իրավապահներին է ներկայացրել կանեփանման զանգվածը։
Հերթական օպերատիվ տվյալն իրացնելով` Մարտունու համայնքային ոստիկանները Ներքին Գետաշեն բնակավայրում հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17 և 23 տարեկան երկու համագյուղացու։ 23-ամյա վարորդը հայտնել է, թե գրպանում մարիխուանայով կաթուցիչ ունի։ Նա ձերբակալվել է: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է մարիխուանայով կաթուցիչը։
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են թմրանյութի ձեռքբերման աղբյուրը: Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։