21 Հունվարի, 2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։

Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Արփինե Սարգսյանն ընդգծել  է ՄԱԿ-ի գրասենյակների հետ ՆԳ նախարարության լայնածավալ համագործակցությունը, որն ընդգրկում է նախարարության մանդատի շրջանակում առկա գործառույթները։

Նախարարի խոսքով՝ փոխգործակցությունն ընդլայնվելու միտում ունի՝ հաշվի առնելով վերջերս մեկնարկած ՆԳ նախարարության մարդկային կապիտալի զարգացմանը միտված նոր ծրագիրը։

Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ընդգծելով հատկապես Փրկարար ծառայության հետ ակտիվ փոխգործակցությունը։

Քննարկվել են համագործակցության ուղղությունների ընդլայնման հեռանկարները, ներառյալ` մարդու իրավունքների պաշտպանության, հատկապես երեխաների իրավունքների ապահովման, Փրկարար ծառայությանը տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև Փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխություններին, հանցավորության դեմ պայքարին, նախարարության ենթակա ծառայություններում կանանց ներգրավվածության խթանմանը։

Կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ուղղված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Լրահոս