21 Հունվարի, 2025
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ես կողմ եմ ամեն ինչում կրեատիվ մոտեցումներին, բայց դեմ եմ պետական պաշտոնն ու կարգավիճակը չարաշահելուն, այդ պաշտոնը զավեշտի ու խեղկատակության վերածելուն: Երբ Նիկոլ Փաշինյանը 18-ից սկսեց լայվեր մտնել ու սելֆիներ անել, շատերն էին նրան քննադատում, բայց դա դեռ կարելի էր հանդուրժել, իսկ երբ որոշեց իր կնոջ հետ ընտանեկան զրույցներ սկսել եւ դրանց անունը դրեց «պոդքաստ-1», «պոդքաստ-2»… հասկանալի դարձավ, որ հիվանդությունն անհույս խորացել է: Գոնե եթե պոդքաստ` գրագետ, իմաստուն, ասելիք ունեցող մարդկանց կարելի էր հավաքել, երկրի համար անկյունաքարային հարցերի հրապարակային քննարկումներ կազմակերպել: Այլեւս պարզ է, որ մարդն իսպառ կորցրել է իրականության զգացումը եւ կարծում է, թե իրենց ամեն ինչ թույլատրելի է:

Պետության ղեկավարի պաշտոնի լրջությունն ու պատասխանատվությունն այդպես էլ չգիտակցած անձին թվում է, թե վարչապետի պաշտոնը բլոգերի, տիկտոկերի, խմբագրի, ընդդիմադիրի, կլոունի կարգավիճակների յուրօրինակ միքս է` ինքը կարող է ողջ օրը լայքեր ու դիտումներ հաշվել, եթերում «հավայի զրույցներ» վարել, հեծանիվ ու պոդքաստ վարել` արհամարհելով հանրային բացասական կարծիքը: Իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Ջոն Լենոնն ու Յոկո Օնոն լինեին, կարող էին անգամ «Անկողնուց զրույցների» շարք անել, որոնք ժամանակին արել է աշխարհահռչակ զույգը, բայց այդ զրույցներն էլ բովանդակություն ունեին` ընդդեմ պատերազմի, հանուն խաղաղության: Իսկ ի՞նչ մեսիջ է փոխանցում իշխանական պոդքաստը, բացի հայկական պետությունը վարկաբեկելուց, մեր իրավիճակի ողջ ողբերգականությունն ի ցույց դնելուց: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ որեւէ երկրի ղեկավար նման պոդքաստներ վարեր եւ մեկ շաբաթից ավելի մնար իշխանության գլխին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են մտածում Հայաստանի ու նրա ղեկավարի մասին այս պոդքաստը նայող այլ պետությունների քաղաքացիները, ղեկավարները: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան ժամանակ ու էներգիա է խլում այս համացանցային գործունեությունը Փաշինյանից եւ ինչքան է վնասում մեր պետությանը»:

Լրահոս