25 Հունվարի, 2025

Հունվարի 1-ից Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը՝ պայմանավորված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ: Այս մասին հայտարարել են գրասենյակի նախկին թիմն ու հավելել.

«Էրազմուս+ ծրագրի բոլոր գործողություններին վերաբերող հարցերով խորհրդատվությունների համար այսուհետև պետք է անմիջականորեն դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Կանխելով հնարավոր հարցերը՝ ստորև ներկայացնում ենք նախարարության հնչեցրած հիմնական հիմնավորումները․

Էրազմուս+ նախագծերը հիմնականում նպաստել են միայն եվրոպական համալսարաններ իրականացվող գործուղումներին ու կրել առավելապես զբոսաշրջության բնույթ։

Նախագծերը չեն հանգեցրել որևէ նկատելի ազդեցության Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա:

Նախագծերի թեմատիկան հիմնականում չի արտացոլում Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները։

Իրականում, ինչպես ձեզ՝ մեր բազմաթիվ գործընկերներին, հայտնի է, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի հիմնական առաքելությունը Էրազմուս+ ծրագրի մասին տեղեկատվության տարածումն է թիրախային խմբերի շրջանում, նրանց խորհրդատվության և աջակցության տրամադրումը, և նախարարության նշված հիմնավորումները կարող են վերաբերել տարբեր դերակատարների (այդ թվում բազմաթիվ նախագծերի մասնակից բուն նախարարությանը), բայց ոչ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակին. մենք չունենք լիազորություն՝ իրականացնելու նախագծերի գնահատում, ընտրություն և/կամ մոնիթորինգ։

Հակիրճ ամփոփելով մեր գրասենյակի գործունեության վերջին փուլը՝ կարևոր ենք համարում առանձնացնել հետևյալ 3 ցուցանիշները․

Ներկայումս Արևելյան գործընկերության տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը՝ ՄԿՈւ հաստատությունների, և երրորդ տեղը՝ բուհերի կարողությունների զարգացման նախագծերի քանակով (Ուկրաինայից և Վրաստանից հետո): Այս արդյունքները մեր գրասենյակի և կրթական հաստատությունների համատեղ ջանքերի արդյունք են։

Վերջին երկու տարիներին իրականացված հարցումները ցույց են տալիս, որ Գրասենյակի ծառայություններից օգտվող շահառուների բավարարվածությունը Գրասենյակի գործունեությունից գտնվում է շատ բարձր մակարդակի վրա (9,4 միավոր 10-ից):

Գրասենյակը ունի բարձր վստահություն Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության կողմից։ Այն մշտապես ստացել է «շատ լավ» կամ «լավ» գնահատականներ Գործակալությանը ներկայացված բոլոր ամենամյա և ամփոփիչ հաշվետվությունների, ինչպես նաև բոլոր 4 աուդիտորական եզրակացությունների արդյունքում (վերջինը՝ BDO London, 2024 թ․ հոկտեմբեր)»։

Հայտարարության հեղինակները հույս են հայտնում, որ  Էրազմուս+ ծրագիրը կշարունակի գործել Հայաստանում միևնույն կամ ավելի խոշոր մասշտաբներով՝ նպաստելով Հայաստանում կրթության միջազգայնացմանն ու նոր կրթական հնարավորությունների ստեղծմանը։

«Հաջողություն ենք մաղթում կրթության միջազգայնացման ոլորտում ակնկալվող փոփոխություններին և հույս ունենք, որ դրանք կնպաստեն համագործակցային, ազատական և միջազգային տեսանելիություն ունեցող կրթական համակարգի ձևավորմանը»,-նշում են գրասենյակից։

Լրահոս