«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին մի քանի անգամ «Իքս»-ի միկրոբլոգում հայամետ հայտարարություններ է արել՝ ի հեճուկս տվյալ հարցերի վերաբերյալ Փաշինյանի իշխանության որդեգրած քաղաքականության, ու, ըստ էության, այդկերպ անուղղակիորեն քննադատել է Նիկոլ Փաշինյանին եւ իր հայտարարությամբ հայտնվել է հասարակական-քաղաքական դաշտի քննարկման տիրույթում, բայց այս անգամ ճիշտ հակառակն է՝ ՔՊ-ական թեզեր գեներացնելու համար է հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում:
Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է. «Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022-ին, Պրահայում, ստում են, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած»։ Հիշեցնենք, որ 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, եւ այդ ճանաչումը ճակատագրական եղավ Արցախի եւ հայ ժողովրդի համար:
Դեսպանի՝ Ռադիոյում արված հայտարարությունը նիկոլական թեզի բառացի կրկնություն է: Բացի այն, որ հիշատակված փաստաթուղթը երբեւէ չի հիշատակվել բանակցային գործընթացում, որի մաս է կազմել դեսպանի երկիր Ֆրանսիան, բացի այն, որ Պրահայից հետո՝ 2023թ․ հունիսի 13-ին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել էր, որ «Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս», պատմական անհերքելի փաստ է, որ Հայաստանի Գերագույն խորհուրդը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրած հռչակագիրը վավերացրել է վերապահումներով՝ 1992 թվականի փետրվարի 18-ին, որի 10-րդ կետը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացված համահանրապետական հանրաքվեով անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն է վերաբերում, բացի այս, Ադրբեջանը՝ Մութալիբովի ստորագրությամբ, հռչակագրին միացել է 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, այդ երկրի Մեջլիսը ոչ միայն չի վավերացրել հռչակագիրը, այլեւ չեղարկել է արդեն նախկին նախագահի ստորագրությունը, իսկ 1993 թվականին Հեյդար Ալիեւը ստորագրել է ոչ թե ԱՊՀ հռչակագիրը, այլ՝ կանոնադրությունը։ Այսինքն՝ Ադրբեջանը 1993 թվականին է միացել ԱՊՀ-ին, երբ Լեռնային Ղարաբաղը՝ ժամանակի օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան, հանրաքվեով հռչակել էր անկախություն: Այս պատմական փաստերի մասին մասնագետները շատ են խոսել, երբ Փաշինյանը, հավանաբար Ալիեւի հրահանգով, չգիտես որտեղից, մեջտեղ բերեց Ալմա-Աթայի հռչակագիրը՝ փորձելով որեւէ փաստաթղթային հիմք հորինել Արցախի հանձնման համար: Մինչդեռ Ալմա-Աթայի հռչակագիրը պետությունների սահմանները չէր ճշտում, այլ ՍՍՀՄ փլուզումն էր արձանագրում:
Թե ինչու հանկարծ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, որը 2024թ․ հոկտեմբերի 30-ին Գորիսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ «Ներքին Հանդ բնակավայրի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից», ինչը Բաքվում ուղղակի հիստերիա էր առաջացրել, կամ` Շվեյցարիայում Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանության ուրացումից հետո «Իքս»-ում «պատահական զուգադիպությամբ» հիշեցրել էր, որ «24 տարի առաջ այս օրը՝ 2001 թվականի հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», հիմա է որոշել ՔՊ-ական քարոզչությամբ զբաղվել, դժվար չէ հասկանալ: Նրա հարցազրույցից առաջ Փաշինյանը Ֆրանսիա էր այցելել, ու ամենեւին բացառված չէ, որ դեսպանի՝ իրեն ուղղված անուղղակի քննադատական գրառումներից Փաշինյանը դժգոհած լինի Մակրոնին: Ու բացառված չէ, որ համապատասխան մեսիջներ են հղվել դեսպանին, եւ նա շտապել է «շտկել» իր սխալներն ու իշխանահաճո թեզեր հնչեցնել:
Փաշինյանի՝ Փարիզ կատարած վերջին այցի ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարության միջեւ կապի հնարավորության վերաբերյալ մեր հարցը ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը թողեց առանց մեկնաբանության, բայց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին հիշեցրեց՝ ԼՂ հակամարտությանը փոքր-ինչ ծանոթ ցանկացած մեկը հստակ գիտի, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ԼՂ հակամարտության բանակցային փաթեթների համար երբեւէ չի եղել որպես հիմք եւ երբեւէ չի քննարկվել: Մեկ անգամ է դրան փորձել Ադրբեջանը հասնել, սակայն ՄԽ համանախագահների կողմից, որի անդամներից մեկը Ֆրանսիան է, մերժվել է: «Ալմա-Աթայի փաստաթուղթը երբեւէ բանակցային գործընթացի մաս չի կազմել, սա՝ առաջին: Երկրորդ․ պարոն դեսպանին, որի հայտարարություններին ես բավականին զուսպ արձագանք եմ տալիս՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամությունը, խորհուրդ կտայի ծանոթանալ 5 հայտարարություններին, որոնք կատարել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարները, այդ թվում՝ նաեւ Ֆրանսիայի նախագահը, ուստի, եթե Ալմա-Աթայով դա արդեն այդպես էր, հարց է առաջանում՝ ինչո՞վ էին պայմանավորված 5 հայտարարությունները: Դժվար թե Ֆրանսիայի նախագահը տեղեկացված չլիներ գործընթացից, այսինքն, այս կետով արդեն դեսպանի հայտարարությունն իրականության հետ կապ ունենալու որեւէ հնարավորություն չի ունենում»,- «Հրապարակ»-ին ասաց Մամիջանյանը:
Բացի այս, մեր զրուցակցի խոսքով, մամուլի հետ շփումներում Մուրադ Փափազյանը, որը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում մեծ հարգանք է վայելում եւ արժանացել է շատ բարձր պարգեւների, ինչպես նաեւ այլ հայտնի գործիչներ, նշել են, որ Ֆրանսիայի գործող նախագահ Մակրոնն իրենց ասել էր, թե զարմացած էր, որ Պրահայում Փաշինյանն այդքան հեշտությամբ այդքան կարեւոր հայտարարություն արեց, փաստացի, փոխարենը ոչինչ չստանալով: «Խոսքը գնում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին»,- հիշեցնում է Մամիջանյանը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում