26 Փետրվարի, 2025

Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը ժամանակ էր տրվել, որպեսզի այն անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք, որոնք գործում էին Արցախի Հանրապետությունում, կարողանան անցնցում անցում կատարել դեպի Հայաստան և կարողանային ցանկության պարագայում իրենց գործունեությունը շարունակել ՀՀ-ում: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանն ասաց, քանի որ ժամկետն անցել է, և իրենք հստակ գիտենք, թե որ ընկերություններն են գրանցվել, նաև ունեն այն ցանկը, ովքեր չեն ցանկացել համապատասխանաբար գրանցվել, հաջորդ քայլով արդեն ուզում են հասկանալ հետևյալ հարցի լուծումը. «Կան ընկերություններ, որոնք որ չեն գրանցվել Հայաստանում, բայց ունեն գործող վարկային պարտավորություններ, և այդ գործող վարկային պարտավորությունների համար որպես գրավ հիմք են հանդիսացել Հայաստանում գրավներ, երրորդ անձանց գրավներ, որոնք Հայաստանի քաղաքացիներ են կամ իրավաբանական անձինք։

Այստեղ իրավական կազուսի հարց է առաջանում, որովհետև եթե նայում ենք Քաղաքացիական օրենսգրքին, գրավի դադարման հիմքի տեսանկյունից, եթե հիմնական պարտավորությունը դադարում է, ապա անգամ եթե գրավը կա և հարց է առաջանում, թե այդ գրավի տեսանկյունից եթե ֆինանսական կազմակերպությունն ունի պահանջ, ինչպես իրացնի այդ պահանջը, և այդ խնդիրը լուծելու համար մենք, ըստ էության, առաջարկում ենք փոփոխություններ»։

Նա հայտնեց, որ Քաղաքացիական օրենսգրքում գրավի դադարման հիմքերի մեջ ավելացվում է մեկ կետ. դա իրավաբանական անձանց պետական գրանցման օրենքի համապատասխան փոփոխությունների հոդվածն է:

«Հնարավորություն ենք տալիս այն ընկերություններին ու անհատ ձեռներկատերերին, որոնք չեն  գրանցվել, բայց գրավ ունեն Հայաստանում, իրավական որոշակիություն մտցնել, որպեսզի բանկերը, ֆինանսական կազմակերպությունները, ինչպե նաև Հայաստանի կառավարությունը, որովհետև նախորդ երկու տարվա ընթացքում կառավարությունը գնեց որոշակի քանակությամբ վարկեր, կարողանան այդ գրավների նկատմամբ  իրենց իրավունքները իրացնել»,- ասաց ԿԲ փոխնախագահը։

Նա հայտնեց նաև, որ 30-40 խոշոր ընկերություններ և անհատ ձեռներեցներ չեն  ցանկացել ՀՀ-ում գրանցվել. «Պատճառ ունենք մտածելու, որ ըստ էության,  չգրացվելու պատճաը եղել է վարկային պարտավորություններից խուսափելը»։

Առաջարկվող լրացումը հստակեցրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով. «Այն կանոնակարգումները, որոնք մենք նախատեսեցինք «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում, նպատակ են հետապնդում ապահովել  անհրաժեշտ գործունեության դաշտ Լեռնային Ղարաբաղի իրավաբանական ընկերություններին Հայաստանի Հանրապետությունում, և նպատակն այն է, որպեսզի վերջինները կարողանան բնականոն շարունակել իրենց գործունեությունը: Բայց այդ կանոնակարգումները որևիցե եղանակով ուղղված չեն նրան, որ որևէ ընկերություն խուսափի պատասխանատվությունից, որովհետևիրավախախտումից իրավունք չի կարող ծնվել: Եվ այն բոլոր պարագաներում, երբ ունենք իրավիճակ, երբ առկա է փաստացի պարտավորություն, այդ թվում՝ գրավով ապահովագրված, դրանք պետք է կատարվեն: Սա կարևոր նախաձեռնություն է, և մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ սոսկ չգրանցվելը չի կարող հիմք հանդիսանալ պարտավորությունների  կատարումից չարամտորեն խուսափելու համար»:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Լրահոս