«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են անում։ «Ալեքս» ընկերության աշխատակիցներից մեկն ասաց՝ կարելի է ասել, հարկայինի տեսուչները գիշերում են ընկերություններում, քրքրում փաստաթղթերը, արտադրանքը: Լուրեր կան, որ անգամ սպիրտի արտահանումը մոտ մեկ ամիս է՝ կասեցված է։ Աշխատակիցների ականջին հասել է, որ իշխանությունները 6 միլիարդ դրամ են պահանջել Լֆիկից՝ մոտ 15 մլն դոլար:
ՊԵԿ-ից մեր հարցին ի պատասխան, ըստ էության, չհերքեցին ստուգումների փաստը. «ՊԵԿ հսկողական աշխատանքների հիմքում ռիսկերի վերլուծական գործիքների արդյունքներն են՝ անկախ այն հանգամանքից, թե որ կազմակերպություններում են նկատվել այդ ռիսկերը։ Ստուգումները չեն իրականացվում ըստ կազմակերպության անվանումների։ Հարկային մարմիններում ընկերությունները հաշվառվում են ըստ իրենց ՀՎՀՀ-ների, ուստի Ձեր հարցադրման հետ կապված՝ կարող ենք հաղորդել այսքանը»։