Օրեր առաջ հայկական կողմի հրավերով Երեւան այցելած եւ Հայաստանի վարչապետի հետ հանդիպած CNNTurk–ի լրատվական բաժնի խմբագիր Իդրիս Արըքանը «Շրջափակման մեջ գտնվող երկիր–Հայաստանում ինչեր են խոսում» ռեպորտաժում Հայաստանը խիստ բացասական գծով է ներկայացնում եւ լրագրողին ոչ վայել բացահայտ ապատեղեկատվություն տարածում, գրել է News.am-ը։
CNNTurk-ի խմբագրի 26 րոպե տեւող ռեպորտաժում Հայաստանը սեւ գույներով է ներկայացվում։ Ռեպորտաժից տպավորություն է, որ Հայաստանը տնտեսական խիստ ծանր կացության մեջ, զարգացման հեռանկարից հեռու է եւ միակ փրկությունը Թուրքիայի սահմանի բացումն է։
Իսկ ամենազավեշտալին այն է, որ Իդրիս Արըքանը ռեպորտաժում Երեւանի իրանական մզկիթի ֆոնին ասում է, որ Երեւանը թուրքական կայսրության քաղաքներից է, եւ որպես ապացույց ներկայացնում իրանական մզկիթը որպես թուրքական։ Այսինքն, հայտնի թուրք լրագրողը ոչ միայն խայտառակ ապատեղակատվություն է տարածում, որ իբր Երեւանը թուրքական քաղաք է եղել, ավելին նաեւ իրանական մզկիթն է որակում թուրքական։