«Հրապարակ» թերթը գրում է.
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կներկայացվի կառավարության նիստի հաստատմանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար, ինչը ձեւական բնույթ է կրում․ Նահապետյանին արդեն կարող են նշանակման առիթով շնորհավորել` Փաշինյանի ընտրությունը կանգնեց նրա վրա։ Ի դեպ, այս սահմանադրական անկախ մարմնի ղեկավարի 2 թեկնածուի հետ Փաշինյանը երկուական հանդիպում է ունեցել, ինչը խոսում է այն մասին, որ ընտրվել է այն անձը, որն ամենահնազանդը ծառայելու հավաստում է տվել:
Մինչ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվելը Նահապետյանը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում դատավոր էր աշխատում։ Նա Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի սանիկն է` Քյարամյանը նաեւ Նահապետյանի հարսանիքի քավորն է։ 2020-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվելուց տասն օր անց Արգիշտի Քյարամյանը Նահապետյանին ԱԱԾ բերեց` նրան նշանակելով ԱԱԾ քննչական դեպարտամենտի բաժնի պետ: Մինչ այդ Նահապետյանը Պետական վերահսկողության ծառայությունում էր աշխատում` սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ էր, դրանից առաջ եղել է ՔԿ քննիչ եւ Շիրակում՝ դատախազ, ինչպես նաեւ՝ ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետ:
2023 թվականի սկզբներին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնում: Նույն թվականի հունիսից մինչ 2025-ի սկիզբը զբաղեցնում էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը:
Իրավաբանական համայնքում նրա մասին ասում են՝ կարճ ժամանակահատված է աշխատել որպես դատավոր, չի քննել աղմկոտ գործեր, պարբերաբար ինքնաբացարկներ է հայտնել ինքն իրեն․ «Գործ քննելու հավես էլ չուներ, հենց մի ինքնաբացարկի հիմք էր լինում, ինքնաբացարկ էր հայտնում»։
Նահապետյանի քննած գործերից քիչ թե շատ հայտնին «Վանոյի Արտակի» գործի քննությունն է եւ քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնի՝ Վահագն Աբգարյանի կալանքը փոխելը։ Վերջինիս պաշտպան Աննա Ծառուկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում Նահապետյանի վերաբերյալ ասաց․ «Ինձ մոտ հարց է առաջանում՝ հաշվի առե՞լ են այն, որ այսօր Եվրոպական դատարանում քննարկվում է եւ առկա է գանգատ` ողջամիտ ժամկետների խախտման, Աբգարյանին կալանքի տակ պահելու հարցը, որը, ի դեպ, Վերաքննիչ դատարան բոոքարկվել է եւ որպես դատավորի՝ իր մերժումը ստանալուց հետո է գնացել Եվրոպական դատարան: Այսպես թե այնպես, այդ խախտումներն արձանագրվելու են։ Հիմա հարց․ արդյո՞ք նույն պաշտոնում նույն ջանասիրությամբ է ղեկավարելու եւ նախաքննության ողջամիտ ժամկետները պահպանելու, վերջիվերջո, 7 տարի առանց դատավճռի անձին չեն պահում կալանքի տակ, սա ուղղակիորեն առանց դատավճռի անձին դատելու մասին է, եւ դա արձանագրվելու է»։
Հիշեցնենք․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը համալրելու համար Նիկոլ Փաշինյանին էր ներկայացվել 3 հոգու անուն՝ Արթուր Նահապետյանի, Պետրոս Մարտիրոսյանի, որը դատախազությունում շուրջ 10 տարի ծառայությունից հետո՝ 2023-ից զբաղեցնում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը, առավել հայտնի է որպես Կարեն Կունգուրցեւի գործով դատախազ։ Նրան այս պաշտոնում, ինչպես գրել էինք, առաջ էր հրում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Եվ վերջին թեկնածուն` Գեւորգ Քոչարյանը՝ արդեն նախկին դատախազ (օրեր առաջ նա ազատման դիմում է ներկայացրել)։ Նա, որպես դատախազ, ներգրավված է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, ՀԾԿ հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ այլ անձանց ապօրինի գույքի բռնագանձման գործերի քննությունում: Նա, ըստ տեղեկությունների, Դանիել Իոաննիսյանի եւ Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուն էր։
Հիշեցնենք նաեւ, որ ի սկզբանե Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների թիվը 5-ն էր։ Վերը նշված 3-ից բացի, պայքարում էին նաեւ փաստաբան, նախկին դատախազ Կարեն Բատիկյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քննիչ Արտաշես Մայիլյանը։ Նրանք մրցութային հանձնաժողովի կողմից տրված միավորներով սահմանված շեմը չէին հաղթահարել, ստացել էին նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն եւ դուրս էին մնացել մրցապայքարից։