Դատարանը խուսափեց արդարացման դատական ակտ կայացնելուց։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանը պետք է հրապարակեր Ռուբեն Վարդազարյանի գործով վճիռը, սակայն նախագահողը որոշեց վճիռ չհրապարակել և գործի քննությունը վերսկսել։ Նախագահողը պարզաբանել է, որ դա պայմանավորված է Անդրանիկ Սիմոնյանի հարցաքննության, ինչպես նաև՝ լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտությամբ։ Վարդազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ բազմիցս նախագահողին զգուշացրել են, ասել, որ Անդրանիկ Սիմոնյանին չհարցաքննելը խոչընդոտ է ստեղծում արդար դատաքննության իրացման տեսանկյունից, վկան պետք է գա դատարան, հարցաքննվի՝ հակընդդեմ հարցմամբ, սակայն դատարանը դա արհամարհել է և բախվել խնդրի՝ խորհրդակցական սենյակում։
«Շարունակում եմ պնդել, որ պատվեր է կատարվում, որովհետև դատաքննությունն ավարտվել էր, ձայնագրությունը և Անդրանիկ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը պետք էր հանել ապացույցների ցանկից, անհրաժեշտ էր արչդարացման դատական ակտ կայացնել, հետևաբար, վերսկսելը և փորձն այդ բացը վերացնելու՝ նշանակում է, որ դատավորը պատվեր է ստացել և պատվեր է փորձում կատարել»,- նշել է Վարդազարյանը՝ հավելելով, որ դատարանը խուսափեց արդարացման դատական ակտ կայացնելուց։