2019 թվականին ՀՀ կառավարությունը բյուջեի պահուստային ֆոնդից հատկացրեց ընդհանուր 53 մլն 37 հազար դրամ՝ Եգիպտոսի Հուրգադա քաղաքում մնացած 416 ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: Քաղաքացիները Հուրգադայում էին մնացել «Էյ Ընդ Ար Տուր» տուրօպերատորի կողմից հունական «Օրանջ Թու Ֆլայ» ընկերության նկատմամբ պարտականությունները չկատարելու հետևանքով, գրում է «Հետքը»:
Անի Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի (2003-ին ընդունված) երկու հոդվածների հատկանիշներով՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խորոշ չափերով) և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով)։ Սակայն 2024 թվականի դեկտեմբերի 30-ին դատախազը, բավարարելով քննիչի միջնորդությունը, մեղադրյալ Անի Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է՝ մի դեպքում վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (184-րդ հոդված), մյուս դեպքում՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով (178-րդ հոդված)։
Քննիչն իր միջնորդության մեջ նշում է, որ քննության ընթացքում չի հաստատվել Անի Ալեքսանյանի կողմից նախնական դիտավորություն ունենալով՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով տուժողների գույքը հափշտակելու հանգամանքը։ Իսկ այն, որ Անի Ալեքսանյանն իր գործողությունների հետևանքով անձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել տուժողներին՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, դա հաստատվել է, սակայն, ինչպես նշեցինք, այդ հոդվածի մասով վաղեմության ժամկետն անցել է։
Հատկանշական է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ պետության կրած վնասը նշվում է միայն 47 մլն 198.8 հազ. դրամը, և որևէ անդրադարձ չկա 5 մլն 838․6 հազար դրամին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: