ՔՊ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է՝ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր հանդիսանալուց, վերջին մեկ ու կես տարում հանդիսացել է նաև «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ:
«Այս ընթացքում Միության գործունեության հետ կապված մեծ աշխատանքներ ենք իրականացրել՝ հասցնելով մեր ձայնը տարբեր միջազգային հարթակներ, սակայն միաժամանակ պետք է փաստեմ, որ պատգամավորի կարգավիճակը որքանով որ օգնել է այս գործում, բայց պատգամավորի այլ պարտականությունների կատարման տեսանկյունից միշտ չէ, որ հնարավորություն են տվել լիարժեք լծվելու միության ամբողջական աշխատանքներին:
Ըստ այդմ, հրապարակային հայտարարում եմ, որ այս պահից սկսած՝ լիարժեք լծվելու եմ Միության աշխատանքները կազմակերպելուն, ինչը իրենից ենթադրելու է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատակազմի, տարածքային ստորաբաժանումների, արտերկրյա մասնաճյուղերի կառուցվածքային ձևավորման ամբողջականացում։
Մեր նպատակներն են լինելու հասնել`
— 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվածների պահանջների և իրավունքների նկատմամբ պետության հստակ քաղաքականության որդեգրմանը,
— Միջազգային հանրության հետ կապերի ամրապնդմանը,
— 1988-1992թթ. Ադրբեջանի տարածքից ավելի քան 500,000 հայ փախստականների բոլոր իրավունքների, այդ թվում` վերադարձի իրավունքի վերականգնմանն Ադրբեջանի կողմից:
Այս կարևորագույն գործում ունենալու ենք ոչ միայն բուն Ադրբեջանից բռնի տեղահանվածների աջակցության կարիքը, այլև ընդհանրապես յուրաքանչյուր Հայի՝ անկախ նրանից՝ կլինի այդ աջակցությունը հոգեբանական, ֆիզիկական, մասնագիտական, գիտական, թե ֆինանսական:
Բաց ենք համագործակցելու փախստականների իրավունքները պաշտպանող յուրաքանչյուր կազմակերպության և անհատի հետ, ինչը որ ի սկզբանե էլ եղել է մեր նպատակը` հանդիսանալ լայն կոնսոլիդացիայի միասնական հարթակ»: