5 Մայիսի, 2025

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու սահմանադրա-իրավական գործընթացը բնութագրվում է որպես կոնստրուկտիվ անվստահության քվե։ Խորհրդարանական կառավարման ձևը բնութագրվում է նրանով, որ կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև իր վարած քաղաքականության համար, և իր ստեղծման ու գոյատևման համար կախված է խորհրդարանի վստահությունից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

«Կառավարության կայունությունն առավել չափով ապահովելու նպատակով ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է քաղաքական պատճառներով կառավարության պաշտոնանկություն միայն կոնստրուկտիվ անվստահության քվեի միջոցով, ընդ որում՝ գործող վարչապետին անվստահություն հայտնելը և նոր վարչապետի ընտրությունը տեղի է ունենում միաժամանակ՝ Ազգային ժողովի մեկ որոշմամբ:

Նիկոլը, որպես վարչապետ, իր աղետաբեր ու հայրենադավ կառավարման յոթ տարիների ընթացքում ձևավորել է երեք կառավարություններ։ Նրա ձևավորած կառավարության առաջին ծրագիրը ՀՀ ԱԺ կողմից հաստատվել է 2018թ․ հունիսի 7-ին՝ պատգամավորների 62 կողմ, 39 դեմ ձայներով։ Դեմ են քվեարկել միայն Հանրապետական կուսակցության պատգամավորները։ Այս կառավարությունը գործել է հինգ ամիս և այդ ընթացքում հասցրել է պառակտել ու ատելություն սերմանել հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, ինչպես նաև հաշվեհարդար է տեսել իր «հեղափոխությանն» աջակցած քաղաքական ուժերի նկատմամբ։ Այդ կառավարությունը չի՛ իրագործել իր ծրագրի ոչ մի դրույթ։

Նիկոլի հաջորդ կառավարության ծրագիրն ԱԺ կողմից հաստատվել է 2019թ․ փետրվարի 14-ին՝ պատգամավորների 83 կողմ, 37 դեմ ձայներով։ Դեմ են քվեարկել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները։ Այս կառավարությունը գործեց երկու տարի 7 ամիս և Հայաստանի պատմության մեջ մտավ որպես դավադրությունների, ապազգային քաղաքականության, երիրը պատերազմի և միտումնավոր պարտության տանող, շուրջ 5000 չհիմնավորված զոհեր տված, պետության ներքին և արտաքին քաղաքականությունն ավիրող կառավարություն։ Այն չի կատարել իր ծրագրի որևէ էական դրույթ։ Անվստահությունից խուսափելու և վերարտադրվելու նպատակով, հենց այս կառավարությունն է նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ի հեճուկս բոլոր զգուշացումների և սպասումների՝ ՔՊ-ն վերընտրվեց։ Նույնիսկ Ալիևն էր զարմացել։

Նիկոլի ձևավորած երրորդ կառավարության ծրագիրն ԱԺ կողմից հաստատվել է 2021թ․ օգոստոսի 26-ին՝ պատգամավորների 70 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։ Այս կառավարությունը ոչ միայն խաբել ու չի կատարել իր գործունեության ծրագիրը, այլ արել է տրամագծորեն հակառակը։ Ամբողջությամբ հանձնել է Արցախը, այն ճանաչելով Ադրբեջանի մաս և ոչինչ չի արել Արցախում էթնիկ զտումներն ու բռնի տեղահանումը կանխելու համար։ Թույլ է տվել ՀՀ տարածքների օկուպացիա, ինչպես նաև սահմանազատման անվան տակ՝ նոր տարածքներ է հանձել Ադրբեջանին։ Հարցականի տակ է դրել ԵԱՀԿ ՄԽ գոյությունը, նահանջ է արձանագրել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, կորցրել է արտաքին աջակցության և վստահության ռեսուրսները, կեղծ և ձախողված խաղաղության ու նոր կապիտուլյացայի օրակարգ է ներմուծել՝ էլ ավելի վտանգելով Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունն ու ապագան։ Չունի տնտեսական հեռանկարային լուծումներ, չունի սոցիալական բավարար երաշխիքներ։ Հարցականի տակ է դրել ՀՀ սահմանդրության և հայոց պետականության համար հիմնարար փաստաթուղթ համարվող Անկախության Հռչակագիրը։ Պետությունը կանգնեցրել է նոր մարտահրավերների, սպառնալիքների ու փակուղու առջև։ Թուլացրել է երկրի պաշտպանունակությունը և վտանգել է քաղաքացու բնականոն գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսները։

Հետևաբար, ի՞նչ իմաստ և նպատակ է ունենալու 2026թ․ հերթական ընտրություններում Նիկոլի կառավարության վերարտադրությունը։ Այն լինելու է ՔՊ-ական իշխանությունը պահելու (այդ թվում նաև կոալիցիայի միջոցով), երկիրն ամբողջովին թուրքական հարթակ դարձնելու և հայկական գործոնը տարածաշրջանից վերացնելու ժամանակաշրջան։

Չեմ բացառում 2026թ․ ընտրություններում գործող կառավարիչներին հեռացնելու հնարավորությունը, բայց այս պահին այն խիստ մշուշոտ ու քիչ հավանական է։ Ոչինչ չի խանգարելու նրանց՝ կեղծել ընտրությունների արդյունքները, նոր ռեպրեսիաների գնալ և հանուն իշխանության պահպանման՝ հակապետական ու ապազգային նոր հանձնառություններ վերցնել դրսից։

Հետևաբար, կառավարությանը կոնստրուկտիվ անվստահություն հայտնելու գործընթացի համար առկա են բոլոր իրավաքաղաքական հիմքերը, և այն հնարավորություն կարող է լինել հասարակությանը կոնսոլիդացնելու, բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր քաղաքացիներին ապագա սպառնալիքներից զերծ պահելու համար։

Վարչապետի թեկնածուի հարցն անհրաժեշտություն է և նրա անձի շուրջ կոնսուլտացիաները կարող են ու պետք է տեղի ունենան՝ ժամանակավորապես մի կողմ թողնելով ընդդիամադիր քաղաքական ուժերի ամբիցիաներն ու պատկերացումները։ Եվ դա միայն սկիզբն է։ Այս գործընթացով զբաղվելու համար դեռևս կա ժամանակ և պետք է ամեն կերպ աջակցել այն նախաձեռնողներին, այլ ոչ թե հարևանցի ստորագրելու պատրաստակամութուն հայտնել ու համարել, որ գործն արված է․․․

Հետո ոչ թե ուշ, այլ շատ ուշ է լինելու։ Երկրի ու ժողովրդի համար»,- գրել է նա:

Լրահոս