2 Փետրվարի, 2021
Shamhshyan.com-ը գրում է.

Այս պահին Երևան քաղաքի «Բեգլարյան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան բակում են հավաքվել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր պահանջում են հստակ պատասխան, թե ինչի հետևանքով և ում պատճառով է իրենց գյուղի բնակչուհի 30-ամյա Նելլի Արշակյանը, որ առողջ բերվել է նշված ծննդատուն, այսօր մահացել։

Ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցում մահացածի քույր Բելլան ասում էր․

«Հունվարի 31-ին Նելլիին, ով պետք է 3-րդ երեխան ունենար, առողջ, առանց որևէ գանգատի բերել ենք նշված ծննդատուն։ Հետազոտել են, և փետրվարի 1-ին աղջիկ է ունեցել։ Ծննդատնից մեզ տեղեկացնում են, որ և՛ մայրը, և՛ երեխան լավ են, ոչ մի առողջական խնդիրներ չունեն։ Մենք էլ հարազատներով գնում ենք տուն, աչքալուսանք տալիս ազգուտակին, որ Նելլին առողջ աղջիկ է ունեցել։ Այսօր առավոտյան ժամը 8-ին, ծննդատնից զանգահարում են և ասում, թե Նելլիի վիճակը վատացել է, ու ամուսնուն խնդրում են, որ գա ծննդատուն»։ Ու արդեն հարազատները, գալով այստեղ, իմանում են, որ առողջ ծննդկանը, ում հետ, ի դեպ, ծննդաբերությունից հետո խոսել է քույրը, ոչ մի գանգատ չի հայտնել, ամուսնուն հայտնում են, որ նա մահացել է։ Հազարատները կարկամած մի պահ չեն ուզում հավատալ այդ լուրին, սակայն հետո պահանջում են հանդիպում ծննդատան գլխավոր բժշկի և բուժող բժշկի հետ, բայց ապարդյուն։ «Ասես հօդս ցնդած լինեն։ Մենք գիտենք, որ Նելլիին հետ չենք բերի, բայց ուզում ենք, որ մեղավորները, որ հաստատ կան մեղավորներ, պատժվեն, որպեսզի հետագայում մեր ընտանիքի նման ուրիշ ընտանիքներ այս ցավը չապրեն։ Ո՞վ է տեսել, որ 21-րդ դարում մարդուն առողջ բերես ծննդատուն, առանց առողջական խնդիրներ ունենալու երեխա լույս աշխարհ բերի, իսկ ժամեր անց, ծննդատունն ասես սև թուղթ լինի, մեզ այդ ցավալի լուրն է հայտնում։ Արդեն մի քանի ժամ է ծննդատան մուտքի մոտ կանգնած ենք և ուզում ենք հանդիպում պատասխանատուների հետ, որպեսզի ստանանք պարզաբանում, բայց անօգուտ»,- նշում էր մահացած ծննդկանի քույրը։

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս