27 Մարտի, 2021

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ոչ մեկ անգամ «Փաստը» դժգոհություններ է ստացել պոլիկլինիկաների աշխատանքի վերաբերյալ: Մեր համաքաղաքացիները նշում են, որ պոլիկլինիկաներում կա սարքավորումների ու նեղ մասնագետների պակաս, ինչի պատճառով պարբերաբար հերթեր են գոյանում, և ավելի հաճախ իրենք ստիպված են լինում դիմել բժշկական այլ կենտրոններ ստուգումներ անցնելու համար, ինչն էլ կապված է հավել յալ գումարների վճարման հետ: Մյուս դժգոհությունը վերաբերում է նրան, որ լիարժեք չի աշխատում առցանց հերթագրման համակարգը: Այս խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Փաստը» գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանին, որի ենթակայության տակ են գործում մայրաքաղաքի պոլիկլինիկաները: Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ քաղաքապետարանը տեղյա՞կ է իր ենթակայության տակ գտնվող բժշկական հիմնարկներում առկա խնդիրների մասին, կատարվո՞ւմ է սարքավորումների թարմացում և վերազինում:

Բարձրաձայնել էինք նեղ մասնագետների խնդրի պակասի և այն լուծելու ուղղությամբ առողջապահական գերատեսչության և քաղաքապետարանի քայլերի անհրաժեշտության մասին: Արձագանքելով մեր հարցադրումներին՝ քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող որոշ ԱԱՊ (առողջության առաջնային պահպանումխմբ.) հաստատություններ համալրված չեն անհրաժեշտ մասնագետներով՝ հատկապես նեղ մասնագետներով, քանի որ բուժհաստատության՝ բնակչության փոքր թվաքանակով պայմանավորված՝ նեղ մասնագետների աշխատաժամանակը քիչ է, վարձատրությունը՝ ցածր»: Միաժամանակ տեղեկացնում են, որ յուրաքանչյուր ամիս Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում տեղադրվում է տեղեկատվություն բուժհաստատություններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է բուժսարքավորումներով հագեցվածությանը, ապա նշվում է, որ 2013 թվականից սկսած յուրաքանչյուր տարի Երևանի քաղաքապետարանի՝ «Առողջապահական ընկերությունների համար սարքավորումների ձեռքբերում» ծրագրի շրջանակներում կատարվում է բուժհաստատությունների բժշկական սարքավորումներով հագեցում՝ ելնելով պահանջարկից: Խնդրել էինք անդրադառնալ նաև քաղաքապետարանի կողմից պոլիկլինիկաներում առցանց հերթագրման համակարգի հետ կապված խնդիրներին: Քաղաքապետարանից հայտնում են, որ նշված գործընթացն ապահովում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ներդրված «Առմեդ» համակարգի միջոցով: «Այո, երբեմն արձանագրվում են էլեկտրոնային հերթագրման խնդիրներ՝ համակարգում հնարավոր տեխնիկական խաթարման պատճառով: Նշված դեպքերում բուժհաստատությունների տնօրենները կապ են հաստատում համակարգի պատասխանատու անձի հետ՝ տեղեկացնելով վերջինիս խնդրի մասին»,-տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս