ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մեկնարկել է տրանսպորտի ոլորտում Լիտվայի և Հայաստանի միջև համագործակցության շրջանակներում «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագրով նախատեսված փորձագիտական չորրորդ այցը։ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Հայաստան ժամանած 5 փորձագետներին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հյուրընկալել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ի լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել 2020 թ․ մեկնարկած փորձագիտական ծրագրի միջոցով հայկական կողմին ցուցաբերվող փորձագիտական արժեքավոր աջակցության համար և վստահություն է հայտնել, որ ծրագրի շարունակականությունը կնպաստի Հայաստանում տրանսպորտային ոլորտի հետագա զարգացմանը։
Բարձր գնահատելով ծրագրի իրագործման շուրջ հայկական կողմի դրական արձագանքը դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ընդգծել է Լիտվայի պատրաստակամությունը աջակցելու տրանսպորտի ոլորտում ԵՄ և ՀՀ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կիրարկման Հայաստանի ջանքերին։
Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում եռօրյա այցի ընթացքում լիտվացի մասնագետները ՏԿԵ նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներին կներկայացնեն ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտում Լիտվայի համապատասխան մարմինների լավագույն փորձն ու իրավական կարգավորումները։ Ծրագրի հիմնական նպատակն է հայկական կողմին աջակցել ԵՄ և ՀՀ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող տրանսպորտի ոլորտին առնչվող դրույթների իրականացման և ԵՄ համապատասխան իրավակարգավորումներին մոտարկման ՀՀ հանձնառությանն ու ջանքերին։
«Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագիրը ֆինանսավորվում է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության և ժողովրդավարության խթանման ծրագրի կողմից: