Ժամը 19:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Կախանովի» ջրանցքը ավտոմեքենա է ընկել և կան կասկածներ, որ տուժածներ կան:
Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի թիվ 1 տան մոտ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, 68-ամյա Գարուշ Ս.-ն, Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում:
Վթարի հետևանքով ուղևորներ, 66-ամյա Սամվել Ս.-ն, 68-ամյա Ռազմիկ Մ.-ն, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել և օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների կողմից նա տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները ճանապարհային ոստիկանների և Արարատի ոստիկանության բաժնի ծառայողների հետ ջրանցքից դուրս են բերել ավտոմեքենան և վարորդ Գարուշ Ս.-ին: Բժիշկները արձանագրել են վերջինիս մահը:
Փաստի առթիվ Վեդու քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: