Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.40-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Ս.-ն և հայտնել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին չհասած կամրջի մոտ, ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով կանգնացրել են իր վարած Ford մակնիշի ավտոմեքենան, որի ժամանակ էլ դանակով հարվածել են իր ձախ ոտքին ու հափշտակել իր մոտ եղած 2 մլն 750 հազար դրամը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն օրերի ընթացքում պարզել են, որ Անդրանիկ Ս.-ն սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքում գործող «ՄՍ» մեծածախ առևտրի կետից ապրանքի դիմաց մաս-մաս վերցրել է մոտ 1 մլն 900 հազար դրամ:
Նա այդ գումարը պետք է փոխանցեր Երևանի բնակիչ, «Անվիր »-ՍՊԸ-ի տնօրե Արմեն Ս.-ին: Պարզվել է, սակայն, որ իր անձնական կարիքների համար նա ծախսել է գումարը, իսկ դեկտեմբերի 21-ին հերթական խմբաքանակի ապրանքի դիմաց Մարտիկ Ս.-ից մոտ 850 հազար դրամ վերցնելուց հետո տեսել է, որ չի կարողացել Արմեն Ս.-ին վճարել ընդհանուր 2 մլն 750 հազար դրամը, ձևացրել է, որ իր նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է նաև, որ նախապես նա իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայի մեջ իր մոտ եղած խոհանոցային դանակով վնասել է ձախ ձեռքի ափն ու ձախ ազդրը և հետո պատռել տաբատի գրպանները:
Փաստերի ճնշման տակ Անդրանիկ Ս.-ն խոստովանել է , որ իր նկատմամբ հարձակում տեղի չի ունեցել, ներկայացրել է Մարտիկ Ս.-ից վերցված գումարն ու խոհանոցային դանակը:
Նա պատճառաբանել է նաև, որ նման քայլի է դիմել, քանի որ ունեցել է ֆինանսական խնդիրներ: