24 Ապրիլի, 2023

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն միանում է Կանադայի և ողջ աշխարհի հայերին  ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Թրյուդոն իր հայտարարությունում նշել է. «Այսօր մենք միանում ենք Կանադայի հայ համայնքին և ողջ աշխարհի հայերին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք 1915-1923 թթ. հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագություններին ու հիշում բոլոր զոհերին և նրանց, ովքեր կրել են անասելի տառապանքներ»:

Կանադայի վարչապետը, խոսելով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներից ու բոլոր նրանցից, ովքեր շարունակում են ապրել այս աներևակայելի ողբերգության միջսերնդային տրավմայի հետ, նշել է. «Նրանց ուժն ու ճկունությունը մեզ հիշեցնում է մեր հավաքական պատասխանատվության մասին դեմ կանգնելու ատելության բոլոր դրսևորումներին երբ և որտեղ էլ այն տեղի ունենա: Յուրաքանչյուր ոք արժանի է ապրել խարանից, հալածանքներից և խտրականությունից զերծ կյանքով»:

Թյրուդոն hավելել է Կանադայում ապրիլը ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս է: Դա կանադացիների համար ժամանակ է  հիշելու ամբողջ աշխարհում ցեղասպանության զոհերին, դատապարտելու ատելությունը, որը հանգեցնում է նման ողբերգությունների և անդրադառնալու նրան, թե ինչպես կարելի է կանխել դրանց կրկնությունը: Նա վստահեցրել է Կանադան միշտ կկանգնի անարդարության, անհանդուրժողականության և այլատյացության դեմ և կշարունակի խթանել խաղաղությունն ու արդարությունը բոլորի համար:

«Քանի որ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ես հրավիրում եմ բոլոր կանադացիներին ծանոթանալու մարդկության պատմության այս մութ գլխին, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և համերաշխություն հայտնելու հայ համայնքին, այդ թվում հայկական ժառանգություն ունեցող կանադացիների հետ, ովքեր շարունակում են օգնել Կանադան դարձնելու հզոր ու ներառական երկիր: Սովորելու և երկխոսության միջոցով մենք կարող ենք հավաստիանալ, որ նման վայրագություններն այլևս երբեք չեն կրկնվի, և մենք կարող ենք կառուցել նախապաշարմունքներից զերծ աշխարհ»,-եզրափակել է Կանադայի վարչապետը:

Լրահոս