Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ:
Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Օրակարգում ներառված էին հարցեր լիակատար շրջափակման պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ – տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախագահ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում Հակարի գետի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Նախագահն անդրադարձել է փոփոխվող ներքին ու արտաքին մարտահրավերներին և ընդգծել դրանց դիմակայման համար բոլոր ռեսուրսների համախմբման, կատարվող աշխատանքների վերագնահատման անհրաժեշտությունը:
Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի վերաբերյալ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել իրավասու կառույցների ղեկավարներին: