22 Ապրիլի, 2023

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել Շուշիի շրջանի օկուպացված հատվածում ականի պայթյունի միջադեպի առնչությամբ և մի քանի դիտարկումներ ներկայացրել:

«Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված հատվածում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են իր երեք զինծառայողները հայկական կողմին անհիմն մեղադրելով կանխամտածված սադրանքի մեջ։

Այդ առիթով մի քանի դիտողություն․

Քանի որ այս հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, անտրամաբանական է ասել, որ դրանք թարմ եւ միտումնավոր դրված ականներ են։ Ինչպե՞ս կարելի է թարմ ականներ տեղադրել ադրբեջանական տեսահսկման համակարգերի պայմաններում…
Այդ տարածքում մարտեր են եղել եւ՛ 1990-ականներին, եւ՛ 2020-ականներին, եւ հնարավոր չէ ասել, թե ով է ական տեղադրել այդտեղ։ Ավելին, երբ այս տարածքը մեր վերահսկողության տակ էր, մեր հովիվներից մեկն էլ էր պայթել ականի վրա։ Ուստի չեմ բացառում, որ այդ ականները ժամանակին իրենք ադրբեջանցիներն, են տեղադրել։
Քանի որ Ադրբեջանը երբեք չի համագործակցել Արցախի եւ Հայաստանի հետ, չի տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներ եւ միշտ խոչընդոտել է Արցախում միջազգային ականազերծման աշխատանքներին, մենք չենք կարողացել ժամանակին ամբողջությամբ մաքրել շատ տարածքներ, այդ թվում եւ այդ մեկը։

Ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե այդ վայրը գտնվում է Արցախի տարածքում, եւ բոլոր ճանապարհները փակված են Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է, որ մի քանի ամիս է Հայաստանից ցանկացած մուտք անհնար է։

Ադրբեջանի մեղադրանքներից ու նկրտումներից զգացվում է, որ փորձում են լրացուցիչ առիթներ ստեղծել նոր սադրանքների եւ ագրեսիայի համար, մինչդեռ արցախյան կողմը պահպանում է հրադադարը եւ միշտ պատրաստ է քննարկել եւ լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը, այդ թվում շրջափակման վերացումը եւ երկկողմանի ականազերծումը»,-գրել է Բեգլարյանը։

Լրահոս