12 Սեպտեմբերի, 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարը, նախ, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, քննարկել կրթական, շինարարական և գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը, հետաքրքրվել առկա խնդիրներով ու դրանց լուծման վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել։ «Ինչպես արդեն հայտարարել եմ, 2022թ․-ի հունվարի 1-ից նախատեսվում է միջինը 20 տոկոսով բարձրացնել սոցվճարները և պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը։ Սակայն պետք է ընդգծեմ, որ քննարկում ենք ուսուցիչների աշխատավարձերը հայտարարվածից ավելի շատ բարձրացնելու հնարավորությունը»,- ասել է նախագահը։

Ըստ աղբյուրի անդրադառնալով բնակարանային խնդիրներին Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Մարտակերտ քաղաքում բազմաբնակարան նոր շենքեր կկառուցվեն, իսկ շրջանի բնակչության թվի ավելացումը կառավարության տեսանելի ծրագրերի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ «Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, ապա հաջորդ տարվա ընթացքում հիմնականում կավարտվեն շրջանի գյուղական համայնքները մայրուղիներին կապող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Իսկ առաջիկա երեք տարիների ընթացքում կավարտվեն Մարտակերտ քաղաքի ներհամայնքային փողոցների բարեկարգումն ու ասֆալտապատումը»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Նախագահի խոսքով մեծ միջոցներ կհատկացվեն ոռոգման ցանցի վերականգնմանն ու կառուցմանը։ Այդ համատեքստում ուշադրության կենտրոնում է լինելու այգեգործության զարգացումը, մասնավորապես խաղողի և նռան այգիների հիմնումը, որոնք հեռանկարային են լինելու Արցախի վերամշակող արդյունաբերության համար։  «Շրջանում կկառուցվի նաև կաթնամթերային մեծ ֆերմա, որը կխթանի անասնաբուծությունն ու կերային խոտաբույսերի աճեցումը»,- տեղեկացրել է նախագահը և ավելացրել, որ պետական ծրագրերով Մարտակերտում իրականացվելիք տնտեսական քաղաքականությունն այդքանով չի սահմանափակվելու։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ այնուհետև Հանրապետության նախագահն այցելել է Մարտակերտի հարակից տարածքներում գտնվող դաշտեր և խաղողայգիներ, հետևել խաղողաքաղին, հետաքրքրվել բերքատվության ցուցանիշներով։

Նախագահը եղել է նաև Արցախում հիմնադրվող հանքարդյունաբերական նոր գործարանի տարածքում և ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Պատերազմից հետո ընկերությունն Արցախում առաջին ամենախոշոր մասնավոր ներդրումային ծրագիրն է սկսել մի քանի միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Պատասխանատուների հավաստմամբ 3 ամիս անց կսկսեն հանքանյութի արդյունահանման և վերամշակման աշխատանքը, որը կապահովի շուրջ 400 աշխատատեղ։

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում մասնակցել է Խաչվերացի տոնին նվիրված Սուրբ պատարագին։

 

Լրահոս