22 Մայիսի, 2023
Պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը Գայանե Մարտիրոսյանին, կալանավորելու որոշման մեջ դատարանն արձանագրել է, որ ազատության մեջ մնալու դեպքում տիկին Գայանեն կարող է նորից առևանգել Ա․Փաշինյանին և այդպիսի հիմքն իրատեսական է, քանի դեռ Ն․Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Տիկին Գայանեի վերաքննիչ բողոքը ավարտեցինք։ Մուտք ենք անում դատարան։ Մի հատվածի վրա հրավիրեմ Ձեր ուշադրությունը։

Դատարանն արձանագրել է, որ նոր հանցանք կատարելու /Աշոտին կրկին առևանգելու/ հիմքը առկա է, քանի որ տիկին Գայանեի կողմից Ա․Փաշինյանին առերևույթ առևանգելու հանգամանքը կապված է եղել տուժողի մերձավոր ազգականի պետական և քաղաքական գործունեության հետ, որը ներկա պայմաններում ևս շարունակվում է։

Այսպիսով Դատարանն արձանագրել է, որ ազատության մեջ մնալու դեպքում տիկին Գայանեն կարող է նորից առևանգել Ա․Փաշինյանին և այդպիսի հիմքն իրատեսական է, քանի դեռ Ն․Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել։

Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, Դատարանի փաստարկից անմիջականորեն բխում է, որ տիկին Գայանեն պետք է շարունակաբար մնա կալանքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ Ն․Փաշինյանը պաշտոնավարում է, քանի որ այդ դեպքում միշտ իրատեսական է, որ Ա․Փաշինյանը կառևանգվի։

Ինքներդ գնահատեք»,- գրել է նա։

Լրահոս