«Գրավիր Ուոլ Սթրիթը» հայտնի շարժման հիմնական կարգախոսներից մեկը այսպիսին էր. «Մենք 99 տոկոս ենք» – “We are the 99 %”. Սա հստակ բաժանում էր ճնշող մեծամասնության և մի փոքր խմբի հարստահարողների, անարդար գերշահույթ ստացողների։
2011-ին թափ առած այս շարժումը, ըստ էության նոր աշխարհակարգի ձևավորման անոնսն էր։ Հայաստանում հիմա շատերը սոցհարցումներով փորձում են հասկանալ Նիկոլի, իրենց, մրցակիցների և բարեկամների վարկանիշները։ Բարեխիղճ սոցիոլոգներն էլ անում են այդ սոցհարցումները հոգու խորքում հասկանալով, որ խնդիրն իրականում այդտեղ չէ։
Ուրիշ խնդիր. անտիսոցոլոգիա Հայաստանում քանի՞ տոկոսն է ուզում ապրել խաղաղ և կանխատեսելի երկրում։ Քանի՞ տոկոսն է ուզում արթնանալ առանց զոհերի և պատերազմի մասին լուրերի, փակել թուրքական վտանգի և չդադարող կորուստների էջը։ Քանի՞ տոկոսն է ուզում ապրել սոցիալական արդար երկրում, քանի՞ տոկոսն է ուզում ներքին համերաշխություն, առանց «թուրք ու դավաճան» ասելու, քանի՞ տոկոսն է իր ընտանիքի համար ուզում նորմալ, բարեկեցիկ պայմաններ, ապրել չստորացված, չթքված և այլն։ Մեծամասնությունը։
Մենք վստահաբար կարող ենք ասել, որ «Մենք 90 տոկոս ենք»։
Իսկ ինչո՞ւ չենք կարողանում, նման սոցիալական բազա ունենալու պայմաններում, կոնսոլիդացվել մի քանի պարզ ձևակերպումների շուրջ և ավարտել ազգային մղձավանջի այս փուլը։ Խնդիրը պետք է փոխել։ Ոչ թե քննարկել է պետք Նիկոլի և մյուսների չեղած վարկանիշը, այլ գտնել 90 տոկոսի կոնսոլիդացիայի ճանապարհները։ Ունենալ նման պոտենցիալ և չանել դա անհավանական է։ Ուրեմն ինչ-որ մարդիկ, ինչ-որ ձևակերպումներ, ինչ-որ պատկերացումներ, ինչ-որ ձևաչափեր և այլ գործոններ դրան խանգարում են։ Իմ կարծիքով մենք այս թեմաներով բաց չենք խոսում։
Շարունակելի
Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից