23 Հունվարի, 2024

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը վստահեցնում է Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ սահմանված սահմանափակումներն անհիմն են։

Նա արձանագրում է, որ, ընդհանուր առմամբ,  2023 թ.-ին լրագրողներն ու օպերատորները ենթարկվել են ֆիզիկական բռնությունների, եղել են նաև այլ ճնշումների դրսևորումներ՝ սպառնալիքներ, ատելության արտահայտում, անհարգալից վերաբերմունք։

Ներկայացնելով «Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2023 թ.» զեկույցը, Աշոտ Մելիքյանը նկատեց, որ նախորդ տարի եղել է նաև տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների աճի միտում։

«Վատն այն է, որ իշխանությունների կողմից օրենսդրական նախաձեռնություններ էին լինում, որոնք կարծես թե իրավական հիմքեր էին ստեղծում էլ ավելի հաճախ մերժելու պաշտոնական տեղեկատվությունը»,- ասուլիաի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Ըստ ներկայացված վիճակագրական տվյալների՝ նախորդ տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներին գրանցվել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3-ական դեպքեր, ինչը 2.5 անգամ պակասել է 2022թ. տարվա ցուցանիշներից։

«2023 թ-ին լրագրողների նկատմամբ այլ ճնշումների արձանագրված քանակը 60-ն է, տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 135-ն են»,- ասաց Մելիքյանը։

Նա հայտնեց, որ 2022 թվականի համեմատ 2023 թվականին ավելացել են ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների հարուցված դատական հայցերը։

«Եթե 2022 թ-ին եղել է 32 նոր գործ, ապա 2023 թվականին եղել է 36 գործ, և դատական հայցերը հիմնականում վիրավորանքի և զրպարտության հիմքով են»,- ասաց Աշոտ Մելիքյանը և տեղեկացրեց, որ և՛ 2022, և՛ 2023 թվականներին 2-ական գործ է եղել այլ վեճերի վերաբերյալ, վերջին տարում դրանք վերաբերել են հեղինակային իրավունքին։

kotayk

Լրահոս