4 Հունվարի, 2024

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2023 թվականի նոյեմբերի 27-ին ինձ հետ էր կապվել վավերագրող-ռեժիսոր, Հայաստանի հանրապետության քաղաքացի Սեդա Գրիգորյանը և տեղեկացրել, որ ամերիկյան ընկերություններից մեկը ցանկանում է նկարահանել գիտահանրամատչելի ֆիլմ ուրարտական թագավորության մասին: Այդ առումով, որպես ճանաչված մասնագետի, ընկերությունը ցանկացել է, որպեսզի ես և մեկ ուրարտագետ ևս հարցազրույց տանք այդ ֆիլմի համար: Սույն թվականի դեկտեմբերի 2-ին ես և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի փոխտնօրեն, ուրարտագետ Վահե Սարգսյանը հարցազրույց ենք տվել Սեդա Գրիգորյանի թիմին և պատմել այն մասին, որ Հայաստանն է ուրարտական տերության ժառանգորդը, անդրադարձել ենք Էրեբունի, Կարմիր բլուր, Օձաբերդ և այլ հնավայրերում իրականացված վերջին տարիների արդյունքների մասին:

Այսօր 2024 թվականի հունվարի 3-ին ինձ է զանգահարել 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Սերոբյանը և տեղեկացրել առ այն, որ ադրբեջանկան CBC ալիքը խեղաթյուրող ռեպորտաժ է պատրաստել Երևանի մասին և որ այդ ռեպորտաժի 16-րդ րոպեում առկա է նաև իմ հարցազրույցը:

Փաստորեն, Սեդա Գրիգորյանին տրված իմ ծավալուն հարցազրույցից կտրված մի փոքրիկ հատված ինչ-որ ուղիներով տեղ է գտել այդ խեղաթյուրող նյութում: Այդ հատվածում ես խոսում եմ Էրեբունու բազմաշերտ լինելու մասին և Էրեբունի հնավայրն ունի ոչ միայն ուրարտական և կամ հետուրարտական, այլ նաև անտիկ և միջնադարյան շերտեր: Այսինքն մատնանշում եմ Էրեբունի-Երևանի ժառանգական շարունակությունը:

Միջնադարի առումով որպես օրինակ եմ բերել Էրեբունի հնավայրում գտնված տուֆե ջրատար խողովակները, որոնք նման են Երևանի Հանրապետության հրապարակից գտնված խողովակներին և կարող են թվագրել 13-14-րդ և կամ 17-րդ դարերով, այնուհետև նշում եմ, որ ես միջնադարի մասնագետ չեմ և չեմ կարող հստակ խոսել այդ մասին: Հենց այս հատվածը կտրվել և դրվել է ադրբեջանական կեղծարար նյութում:

Փորձ են արել ներկայացնել, թե իբր Էրեբունին ոչ թե ուրարտական է, այլ միջնադարյան կտրելով իմ խոսքը: Չիմացողի մոտ կստեղծվի թյուր տպավորություն, թե ինքս մասնակցել եմ այդ հաղորդման պատրաստմանը: Արդեն իսկ 5-րդ ալիքի լրատվական ծառայությանը տվել եմ մանրամասն պարզաբանում և բացի այդ, վերը նշված լրատվամիջոցի լրագրողը իմ ներկայությամբ բարձրախոսով զանգահարել է Սեդա Գրիգորյանին և փորձել ստանալ պարզաբանում: Սեդա Գրիիգորյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ այդ ամենից, համագործակցել է ամերիկյան ընկերության հետ և որ, հավանաբար, իրեն խաբել են: 5-րդ ալիքին տրված հարցազրույցում Սեդա Գրիգորյանը նշել է, որ ամերիկայն այդ կազմակերպության հետ ունեն պայմանագիր և որ ինքը շատ ցավում է, որ ես նման իրավիճակում եմ հայտնվել: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել Սեդային և իրեն խնդրում եմ իմ հարցազրույցն ամբողջությամբ տեղադրել համացանցում: Նաև նրա համար, որպեսզի մեր թշնամիները լավ լսեն ու սերտեն մեր հնագույն քաղաքի և ՈՒրարտուի պատմությունը:

Այս խեղաթյուրող, շինծու, նենգ նյութում ամեն-ինչ արվում է խեղել Երևանը, ներկայացնել այն որպես թյուրքական ցեղերի բնակատեղի, հայերին որպես վանդալ:

Նշվում է, թե իբր հայերը հորինել են, թե Երևանը հին է Հռոմից, բայց հին քաղաքի որևէ վկայություն չունեն: Նրանք նաև հորինում են, որ Հանրապետության հրապարակի մոտ հայերը պեղել են կառույցներ և իմանալով, որ դրանք ադրբեջանական են, ծածկել են դա:

Հիմա ինչու՞ եմ ես արժանացել նման պատվի` լինելու միակ հայը այդ կեղծարար նյութում տեղ գտնելու համար: Ես կարծում եմ, որ այս ամենը կապված է իմ գործունեության հետ և հատկապես Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ուղղված իմ պայքարի: Ինչպես գիտեք , այդ դասագրքում որևէ տող չկա, որ Էրեբունին և Երևանը իրար հետ կապ ունեն: Դասագրքի հրատարակիչ Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը ևս հերքում է Էրեբունու և Երևանի ուղիղ կապը: Հենց այս դասագրքի խեղաթյուրված քարտեզում է, որ Հայաստանի հանրապետության տարածքն ընդգրկված չէ մեր ուրարտական կայսրության կազմում, իսկ Արարատի տակ հարցականի տակ գրված է նաև Ուրուրուտ: Այսինքն խեղաթյուրված է Արարատ լեռան անունը: Հենց այդ դասագրքում է, որ հայերի ծագման առաջին վարկածի համաձայն մեր նախնիները Բալկաններից գաղթած գաղութարարներ են, ըստ մի շարք հեղինակավոր գիտնականների և Հայ առաքելական սուրբ եկեղեցու աղավաղված և խեղաթյուրված է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող բազմաթիվ առանցքային  դրույթներ: Տիգրան Մեծի քարտեզում հեղինակը չգիտես ինչու Հայաստանի հյուսիսում գրել է Վրաստան ցույց տալով ներկա տարածքը, բայց կողքը գրել Վիրք, այսինքն Տիգրան Մեծի ժամանակվա անունը: Իսկ ցավոք, հեղինակը այն տեղը, որտեղ որ պետք է լիներ Աղվանքը, նշել է միայն Ադրբեջան: Այսինքն, Վրաստանի դեպքում գրել է Վիրք, իսկ Ադրբեջանի դեպքում չկա Աղվանքը, այլ գրված է միայն Ադրբեջան: Չգիտես ինչու դասագրքում մտցվել է Աթաթուրքի անունը:

Ակնհայտ է, որ ես համարվում եմ այդ դասագրքի դեմ ամենաակտիվ  պայքարողներից մեկը: Հենց իմ մի քանի գրառումներն էին նաև, որ շատերին մատնացույց արեցին դասագրքի մի շարք վտանգավոր դրույթներ: Հետաքրքիր էր, որ երբ Հայ հեղինակավոր գիտնականների մասնագիտական եզրակացությունը հրապարակվեց Բննօրան ՀԿ-ի կայքում, հենց ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց անմիջապես անդրադարձավ այդ իրողությանը հայ գիտնականներին անվանելով պսևդոպատմաբաններ:

Ակնհայտ է, որ ամերիկյան այդ կազմակերպությունը նյութը տվել է ադրբեջանցիներին, կամ ի սկզբանե այդ կազմակերպությունը եղել է կեղծ: Հիմա հարց, ինչու՞ այդ ամերիկյան կազմակերպությունը չուզեց հայ այլ ուրարտագետի հետ հարցազրույց:

Ինչու՞ էին ընտրել ինձ: Ինչու՞ եմ ես միակ հայ գիտնականը, ում խոսքը տեղադրել են այդ կեղծաշատ նյութում: Իմ կարծիքով, շատ պարզ: Որպեսզի «փչացնեն» ինձ:

Պատկերացրեք, այդ խեղված նյութը նայում են բազմաթիվ հայեր և այս էմոցիոնալ ֆոնին նրանք տեսնում են Էրեբունի թանգարանի տնօրենին: Տրամաբանական է, որ շատերը պետք է մտածեն, որ ինձ գումար են տվել, որ ես խոսեմ, ինձ ընկալեն որպես թշնամու ջրաղացին ջուր լցնող: Այսինքն, չի բացառվում որ թշնամին նման կերպ փորձ է անում շարքից հանել իր դեմ դուրս եկած հային:

Միևնույն է, Ձեզ չի հաջողվելու մեզնից խլել ու ջնջել մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր ժառանգությունը: Հաճախ նայեք Էրեբունի-Երևանի քարե անձնագրին, նայեք վիշապաքարերին, նայեք մեր խաչերին, նայեք մեր պարզ տաճարներին ու հիշեք, որ աշխարհի հոգևոր կենտրոններից մեկը համարվող Երուսաղեմի չորս թաղամասերից մեկն առ այսօր կոչվում է հայկական: Քանի Երևանի բակերում վազում են փոքրիկ Մենուաներն ու Արգիշթիները, Երևանը չի լինելու քոչվորներինը: Մենք գիտենք և Աստված մեզ հետ է…»։

Լրահոս