Ավելին օրերս «Հրապարակի» հետ զրույցում Մուրադ Փափազյանը պատմել էր, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ «ցեխը կոխել» Փաշինյանին ասելով, որ իր Հայաստան մուտքն արգելելն անընդունելի է ու պառակտում է Հայաստան-սփյուռք հարաբերությունները։ Փափազյանը նաեւ պատմել էր մեզ, որ Մակրոնը Փաշինյանի հետ առանձնազրույց է ունեցել ու բարկացել է նրա վրա, ինչից հետո Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ-ին կասի, որ հօգուտ Փափազյանի կայացրած դատական ակտն ԱԱԾ-ն չբողոքարկի։
Մենք նախ ԱԱԾ-ից փորձեցինք պարզել, թե արդյոք բողոքարկե՞լ են Փափազյանի վերաբերյալ դատարանի որոշումը, սակայն ԱԱԾ-ն, ողջ օրը չիմանալով, թե ինչ պատասխանի, գրավոր հարցում խնդրեց այս «այո» կամ «ոչ» պատասխան ենթադրող պարզ հարցադրմանը պատասխանելու համար, որպեսզի, հավանաբար, եւս 5 օր շահեն։
Զրուցեցինք Մուրադ Փափազյանի շահերը վարչական դատարանում ներկայացրած փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ: Նա ասաց, որ այս պահին միայն Մասիս Աբրահամյանի գործով ԱԱԾ բողոքի մասին է իրեն հայտնի․ «Այո, վճիռները նույն օրն են կայացվել, ուղարկվել ԱԱԾ, պարզապես, նաեւ հաշվի առնելով, որ փոստային առաքանու մաս կա, ես այս պահին չեմ կարող պնդում անել, որ ԱԱԾ-ն նույն օրն է ստացել, ուստի ժամկետը նույն պահից է հաշվարկվել, բայց այդ ժամանակային խզումն առնվազն պետք է փոքր լինի, կամ ողջամտորեն կարող ենք մտածել նույն օրը ստացած լինելու վերաբերյալ։ Բոլոր դեպքերում, 1-2 օրվա ընթացքում այդ ժամկետը սպառվելու է, եւ եթե չստանանք, ապա կարող ենք հաստատել բողոք ներկայացրած չլինելը։ Այս պահին միայն Մասիս Աբրահամյանի գործով բողոքի ներկայացման փաստն է ինձ հայտնի, դա կարող եմ հաստատել, իսկ մյուս մասով սպասենք»։
Սիրանուշ Սահակյանին որպես փորձառու իրավաբանի, նաեւ խնդրեցինք մեկնաբանել Փաշինյանի ասածը Փափազյանին, թե ինքն ԱԱԾ-ին կասի, որ չբողոքարկեն։ Հարցրինք նորմա՞լ է, որ վարչապետն ԱԱԾ-ին կոնկրետ գործերով ցուցումներ է տալիս, սա միջամտություն չէ՞ արդարադատության իրականացմանը։
«Մենք հասկանում ենք, որ ԱԱԾ-ն գործադիր ֆունկցիա է իրականացնում եւ այս առումով գտնվում է գործադիրի ենթակայության ներքո, եւ այստեղ որոշակի հաշվետվողականության մեխանիզմներ պետք է առկա լինեն, սակայն սա ամենեւին չի նշանակում միջամտություն կոնկրետ գործերով եւ ցուցումների ներքո բողոք ներկայացնելու իրավունքի իրացում կամ չիրացում։ Այս առումով, իհարկե, այդ պրակտիկան պետք է գնահատել արատավոր, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ ԱԱԾ-ն այն անկախ մարմինը չէ, որը գործադիրի հետ սերտ կապեր կամ կախյալություն չունի։ Այս հանգամանքը եւս պետք է նկատի ունենանք»,- պատասխանեց Սահակյանը։
Նշենք, որ եթե պարզվի, որ ԱԱԾ-ն Փափազյանի մասով չի բողոքարկել առաջին ատյանի վճիռը, իսկ Մասիս Աբրահամյանի մասով բողոքարկել է, ապա ողջամտորեն կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի վրա Էմանուել Մակրոնի բարկանալը որոշակի ազդեցություն թողել է։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում