8 Փետրվարի, 2017

Արարատի տարած ու ետ բերած մարզպետ Արամայիս Գրիգորյանն ապացուցելու բան ունի: Ավելի ճիշտ, նա պարտավորվել է արդարացնել իր նշանակումը: Առջևում ընտրություններն են, ու մարզի ղեկավարն այս պահին այլ անելիք չունի, քան եղած հնարավորություններն ի մի բերելու, դրանք արդյունավետ օգտագործելու գործը: Միայն թե Արամայիսն այս խնդիրը յուրովի է հասկացել: Ամեն գնով լավ արդյունքներ ստանալու մտասևեռումը նրան դրդել է դիմել իրեն հայտնի միակ փորձված մեթոդին:      

Ըստ տեղեկությունների, այս օրերին Գրիգորյանը իր մոտ է կանչել անխտիր բոլոր համայնքապետերին ու, անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից, պարտադրել է ՀՀԿ–ի համար առնվազն 55–60% ձայն բերել յուրաքանչյուր գյուղից: Ինչ խոսք, մարզպետի ցանկությունները հեքիաթային են, մնում է միայն հասկանալ, թե համայնքապետերն ինչպես պիտի ապահովեն այդ բարձր ցուցանիշը, որովհետև դա հնարավոր է ստանալ միայն կեղծման միջոցով, իսկ Արամայիսը գոնե պիտի հասկանա, որ ինքն առանձնապես ազդեցիկ լծակներ չունի գյուղապետերին նման քայլերի դրդելու համար: Ավելին ասենք, բնակավայրերը, որոնք տարիներ շարունակ զրկված են կենտրոնի աջակցությունից, հազիվ թե հնազանդվեն մի մարզպետի, ով իրենց համար ոչինչ չի արել: Իսկ ինչ վերաբերում է համայնքապետերին, ապա նրանց ճնշող մեծամասնությունը գյուղերում որևէ հեղինակություն չունի` կարծիք ու պայման թելադրելու համար:

Բայց այստեղ խնդիրը միայն ընտրողների վերաբերմունքը չէ: Մեծ հաշվով, Արամայիսի համար միևնույն է, թե ՀՀԿ-ն քանի տոկոս կհավաքի Արարատում: Նա անհանգստացած է իր կաշվի համար: Պարտության պարագայում Գրիգորյանն այլևս ոչ մեկին պետք չի գա: Ինչ` ինչ, բայց նա հաստատ գիտի, որ իր անձը ներկա փուլում գործածական ֆիգուր է: Այսինքն, կամ ինքն իր ձեռքով իր համար հիմք կստեղծի, կամ նույն ձեռքերով սեփական կարիերայի գերեզմանը կփորի: Եվ ուրեմն, փրկության միակ ճանապարհը մնում է կոշտ միջոցներում թիվ ապահովելը, որովհետև երկրորդ ճանապարհ չկա: Արամայիսը պիտի իմանա, թե ինքը քանի տոկոս արժե:

Լրահոս