9 Հունիսի, 2023
Թալին խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի  պետ, ՔՊ-ական  Սուրեն Թորոսյանը երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել։ Irakanum.am-ի այս տեղեկությունը հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։  «Երեկ տվյալ անձի նկատմաբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել,   նրան ներկայացվել է մեղադրանք, քրեական  օրենսգրքի  195-րդ հոդվածի առաջին մասի  հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  ընտրվել բացակայելու արգելքը, և երեկ ուշ երեկոյան արգելանքից ազատ է արձակվել»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ Irakanum.am-ը հայտնել էր, որ  Թալին խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի  պետ Սուրեն Թորոսյանը, ծեծի էր  ենթարկել գյուղի բնակիչներից մեկին։  Մենք գրել էինք, որ  ՔՊ-ական պաշտոնյան հարվածներ է հասցրել առողջական խնդիրներ ունեցող տղամարդու դեմքին։  Միջադեպի պատճառը մեր աղբյուրների փոխանցմամբ եղել է   մոտ մեկ ամիս առաջ Արագածավանում ՔՊ-ականների հերթական հավաքը, որի  ժամանակ տվյալ անձը ասել է, որ նրանք ստախոս են։

Ի դեպ մեր աղբյուրների փոխանցմամբ առաջին անգամ չէ, որ Սուրեն Թորոսյանը գյուղում աչքի է ընկնում անպարկեշտ պահվածքով և սպառնում է համագյուղացիներին, նրանց, ովքեր չեն ընտրել, կամ չեն համակրում ՔՊ-ին։ Մենք նաև տեղեկացանք, որ ՋՕԸ կոմունալ բաժնի  պետն անգամ բարձրագույն կրթություն չունի, հիմա է որոշել կրթություն ստանալ, որ իբր հետագայում այլ պաշտոնի նշանակվի։

 

 

Լրահոս