«Թունյանների ընտանիքը և Լոռի Բերդ համայնքը իր երախտագիտության խոսքն է հայտնում պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյանին և բարերարներին, համատեղ գործադրած ջանքերի շնորհիվ եղբորս ` Ռոբերտ Թունյանի բուժումը արտերկրում իրականացնելու համար»,– գրել է նա։
Նշենք, որ Ռոբերտ Թունյանը 2022թ֊ի հունվարի 12֊ին զորակոչվել է բանակ: Ժամկետային ծառայության ընթացքում հիվանդացել է արյան սուր միելոբլաստային լեյկոզ ախտորոշմամբ։ Ռոբերտի ընտանիքը դիմել է տարբեր պետական մարմիններ, սակայն ոչ մի աջակցություն չեն ստացել։ Դիմել ենք բոլոր բարերարներին, ստացել են մերժում։
«Մենք ամբողջ ուժով փորձում ենք պայքարել այդ հիվանդության դեմ։ Եղբայրս արդեն 2 քիմիաթերապիայի կուրս է ստացել և շուտով 3֊րդ քիմիաթերապիայի ժամանակն է, սակայն հիվանդությունը բուժելու համար անհրաժեշտ է կատարել ոսկրածուծի փոխպատվաստում, որը Հայաստանում չի իրականացվում։
Մենք իմացանք, որ Սանկտ֊Պետերբուրգ քաղաքում կատարվում է ոսկրածուծի փոխպատվաստումը։
4 օր առաջ ես հանձնեցի արյան անալիզ, որպեսզի իմանանք կարող եմ ես արդյոք դոնոր հանդիսանալ եղբորս համար, թե ոչ։ Անալիզի պատասխանը կլինի շաբաթվա վերջ։ Դրանից շատ բան է կախված։
Քանի որ մենք չունենք ՌԴ֊ի քաղաքացիություն, այդ իսկ պատճառով եղբայրս պետք է բուժվի մասնավոր բժշկական կենտրոնում։ Բուժումը շատ թանկ է, որը մեր ընտանիքի համար հասանելի չէ։ Բժիշկը մեզ տեղեկացրեց, որ Սանկտ֊Պետերբուրգում եղբայրս կրկին պետք է հետազոտություն անցնի, որի համար պետք է վճարենք 200.000ռուբլի։
Եթե ես կարողանամ դոնոր հանդիսանալ եղբորս համար, ապա վիրահատության գումարը կկազմի 4.200.000 ռուբլի (առանց հետվիրահատական բուժման)։ Իսկ եթե չհամապատասխանի, ապա պետք է դոնոր փնտրենք, որը մեծապես կազդի վիրահատության և հետվիրահատական բուժման գումարի վրա։ Մեզ տեղեկացրել են, որ այդպես գումարը կկազմի 12.000.000 ռուբլի։
Ես և իմ ընտանիքը դիմում ենք Ձեզ։ Ծանոթ և անծանոթ բարի մարդիկ խնդրում ենք օգնել հաղթահարելու այս դժվար շրջանը մեր կյանքի։ Նույնիսկ ամենափոքր ներդրումը մեզ համար մեծ օգնություն է այս դժվար պահին»,-ավելի վաղ գրել էր Ռոբերտի քույրը: